Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/543

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քառորդ ժամից հետո նրանք հասան կուսանոցի դռանն, առանց սպասելու ներս մտան և իսկույն գնացին հիվանդի խուցը։ Խիստ աղոտ ճրագով լուսավորված էր այն սենյակը, մի պառավ միանձնուհի նիրհում էր հիվանդի մահճակալի մոտ։

Բժշկապետը մոտեցավ օրիորդին, տաքությունն անցել էր արդեն։ Նա դրած էր յուր մահճի մեջ, որպես սառն մարմարիոն։ Շնչառությունը թույլ կերպով բարձրացնում էր նրա մաշված կուրծքը։

Երիտասարդ Արեսյանը, տեսնելով թառամած և դալկացած գեղեցկությունը, սոսկաց, նրա աչքերի առջև սևացավ, ոտքեր դողացին,— աստված իմ, կոչեց նա, և հազիվհազ յուր թուլացած գլուխը վեր թողեց սիրուհու կուրծքի վրա։ Երկար այնպես գրկած ուներ նրան։ Բժշկապետն աշխատում էր արգելել երիտասարդին, որ նա չվրդովե հիվանդի հանգստությունը, բայց ամենևին չկարողացավ բաժանել նրանից։

Հիվանդը բաց արավ նվաղած աչքերը և ճանաչեց նրան։ «Ա՜խ, Օսեփ ջան», կոչեց նա և նրա տկարացած թևքերը կարծես նորից զորություն ստացան, և փաթաթվեցան երիտասարդի վզով։ Երկար օրիորդը ճնշած ուներ նրա գլուխն յուր կուրծքի վրա։ Կրկին խառնվեցավ նրա երևակայությունը։ «Ա՜խ, Օսեփ ջան,—կրկնեց նա,— ազատիր ինձ, տար ինձ»... Ասում էր նա յուր տենդային ջերմության մեջ։

Կրկին տիրեց լռությունը։ Մարած ճրագի վերջին պլպլոցը հանգավ...

Բժշկապետը շոշափեց հիվանդի երակը և ասաց սարսափելով.— Ամեն ինչ վերջացած է...

Նա հեռացրեց անբախտ երիտասարդին անշնչացած դիակից։

Հետո առեց Արեսյանին յուր կառքի մեջ։ Կառքը սլացավ, երիտասարդը կրկնում էր անդադար' «Սոնա՛ ջան, Սոնա ջա՛ն, փախչենք, գնանք, ես կազատեմ քեզ...»։

Խղճալին ցնորքների մեջ էր։