Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստված օղորմի անոր խոգուն,— ասաց hամալը։

— Աստծու ողորմությունը թո՛ղ նապաստակի նման նրա գերեզմանի վրիցը թռչի,— կտրեց մշեցու խոսքն ուստա Գրիգորը:

— Ի՞նչու, աղեկ մարդ մը չէ՞ր Թոմաս աղան։

— Լավ էր նրանով, որ շուտ մեռավ։ Աղվեսն էն ժամանակն է պետք գալիս, երբ որ սատկում է:

— Թոմաս աղան ասա՞նկ մարդ էր,— հարցրուց մշեցին։

— Հա՛։ Այս շաբաթ մի քանի այդպիսիների համար դագաղ շինելու բախտն ունեցա, մինն եկեղեցո գանձապետ էր, մինն՝ հացի փոդրադչիկ, բայց մյուսը վաշխառու։ Ա՜խ, որքա՜ն ուրախ բանում է իմ ուրագն, երբ որ այդպիսիների համար դագաղ է շինում։

— Երբ մեռնողս ա՞ղեկ մարդ է։

— Այն ժամանակ ես ուրախ չեմ, ինչպես քանի օր առաջ շինեցի մի դագաղ վարժատան աշակերտի համար։

Ծերունի հյուսնի ուշադրությունը գրավեց տխուր երգի ձայնն, որ լսելի էր լինում փոքրիկ սենյակից։

« Ես սրտումս դարդ ունեմ,
«Ես սրտումս դարդ ունեմ,
«Փշով պատած վարդ ունեմ,
«Մերի՛կ, մերի՛կ, քոռանաս,
«Ես ատելի մարդ ունեմ»:

Այդ նրա դստեր Նատոյի ձայնն էր, որ նույն ժամուն ութո էր քաշում և երգում էր։

— Նատո՛, Նատո՛,— ձայն տվեց ծերունին։

— Ի՞նչ է, հայրիկ,— լսելի եղավ մի քնքուշ ձայն։

— Ե՛կ էստեղ:

— էս նիմուտին, հայրիկ, մի շաբիկ է մնացել ութոյելու:

Շուտով հայտնվեցավ սենյակի դռանը մի բարձրահասակ օրիորդ՝ թուխ աչքերով, սև մազերով, վարդ թշերով։ Նա յուր հասակի այն տարիներումն էր, երբ կուսական գարունքը դեռ նոր սկսել էր ծաղկել յուր ջերմ-մանկական թարմությամբ։

— Ե՛կ դագաղի խուփը մախմուրով պատե, զանջիրաները մեխե, ծաղիկները կպցրու։ Դրանք քո գործն է,— ասաց աղջկան հայրը։

— Է՜հ, հողեմ նրա գլուխը, ծաղիկներ էլ պիտի կպցնեմ,- ատասխանեց Նատոն դժգոհությամբ։

— Այդպես են պատվիրած, որդի։

— Հայրիկ այն ժամանակ տուր ինձ վարդեր շարեմ, երբ ջեհելի համար է դագաղը։