Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Զ

Անցան մի քանի շաբաթներ, անցան մի քանի ամիսներ:

Աշունքն էր։ Տեղափոխիկ թռչունները խմբովին դիմում էին դեպի օտար աշխարհ։ Ծիծեռնակը բաժանվում էր յուր բույնից։ Ծառերի դալկացած տերևները դեղնում էին։ Նրանց հետ և սիրուն Նատոյի վարդագույն թշերը գունատված, խամրած՝ օրըստօրե կորցնում էին իրանց քնքուշ կուսական թարմությունը։

Մութ գիշեր էր։ Սառը քամին անախորժ կերպով փչում էր Շուշանենց տան կոտրատած ապակիներից. սենյակում բավականին ցուրտ էր։ Միայնակ և տխուր նստած էր Նատոն ճրագի մոտ, կարում էր յուր կարը։ Նրա մայրը խոհանոցում պատրաստում էր ընթրիք։ Ուստա Գրիգորն յուր արհեստանոցում (որ բաղկանում էր ներքնատան մի նեղ սենյակից) գործում էր։

Նույն ժամուն խավար փողոցի միջով աննկատելի կերպով գնում էր մի մարդ։ Նա հասավ Շուշանենց տանը և վագրի արագությամբ թռավ ցածրիկ տախտակապատից։ Նա իսկույն կանգնեց սենյակի դռանն, երբ նրա ականջներին հասան այդ մելոդական հնչումները՝

«Արի՛, իմ սիրեկան,
«Դարդիս ճար արա՛,
«Քո սիրո խանջարեմեն,
«Ջիգարս — փարա, փարա»:

«Նա ինձ սիրում է՜», ասաց եկվորը և ավելի մոտեցավ դռանը: Հնչեց կախարդիչ երգի երկրորդ տունը:

«Ես քեզի չեմ մոռանա,
«Քանի որ սաղ եմ,
«Քո սիրո զանջիրեմեն
«Մինչև մահ դուսաղ եմ»...։


«Նա ինձ սիրում է՜»... — կրկնեց երիտասարդը և զմայլած ներս վազեց։— Նատո ջան, իմ սիրեկան,— կոչեց նա և օրիորդին պինդ ճնշեց յուր կուրծքի վրա։

Եկվորը Ջումշուդ-բեկն էր։ Նա իսկույն սոսկաց, երբ յուր աչքերը հանդիպեցան Նատոյի վշտալի, միևնույն ժամանակ զայրացած աչքերին: