Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրքում «երկրորդ մասը և վերջը»։ 1874 թվականին հրատարակված «Փունջի» երկրորդ գրքում մի քանի այլ ստեղծագործությունների հետ տպագրված է նաև «Հարեմ» վիպակի աոաջին մասը։ Հրատարակելով իր երկերը, ինչպես բացատրում է հեղինակը, նա նպատակ է ունեցել դրանցով «...նախ զարգացնել կարդացողների ճաշակը և նոցա սերը դեպի մայրենի լեզվի ընթերցանությունը, մինչև նոցա պատրաստ կլինեն հետաքրքրվիլ ավելի ընդարձակ վիպասանական գրվածքներով» («Փունջ», երկրորդ հատոր, էջ VIII):

Ռ. Պատկանյանը, կարդալով Րաֆֆու «Հարեմը» 1874 թվականի սեպտեմերի 5-ին Նոր Նախիջևանից նրան գրում է. «...Ձեր արձակը յուր սեռում ամեն կողմանե նոր երևույթ է մեր նորածին գրականության մեջ»։ Գնահատման հարցում Պատկանյանին ամենից առաջ գրավում է «արտաքին և ներքին հյուսվածքը» ու շոշափած խնդիրների արդիականությունը։ Պատկանյանը կարդալով «Հարեմը», Րաֆֆուն համարում է այն մարգարե գրողը, որին իրենք «ցարդ պտրում էին ու չէին գտնում»։

«Հարեմի» հրապարակ գալը լայն արձագանք է հանդես բերում նաև մամուլում։ «Մեղու Հայաստանին», որ անբարյացակամ էր տրամադրված դեպի «Մշակն» ու Րաֆֆին, չկարողացավ թաքցնել իր հիացմունքը այս վիպակի հրատարակման առթիվ. «Կարդացեք հարեմական կյանքի նկարագրությունը , — հիացմամբ գրում է հոդվածագիր Հայկունին,— որքան բանականություն և գեղեցկություն... ինձ ծանոթ նկարագրություններից,— ավելացնում է նա, — միայն լորդ Բայրոնն է այդ, որ նույնչափ հաջող է նկարագրել հարեմը (տե՛ս, «Մեղու Հայաստանի» 1881 թ., № 183):

Պոլսահայ թերթերը, որոնք առհասարակ զգուշությամբ էին խոսում Րաֆֆու մասին, նրանք ևս տպում են մի քանի հոդվածներ Րաֆֆու ստեղծագործությունների վերաբերյալ։ Այդ թերթերից մեկում կարդում ենք, որ «Փունջում» տպագրված ստեղծագործություններից «...նշանավոր է «Հարեմը», որը իր տեսակի մեջ աոաջին կարգի գրված մե»։ «Հարեմի» համբավը հասնում է արևմուտք։ Գերմանացի մատենագիր Արթուր Լայստը մի նամակով դիմում է «Մշակի» խմբագրությանը խնդրելով միջնորդել, որ Րաֆֆին իրեն ուղարկի «Հարեմ» և «Ջալալեդդին» վեպիկները գերմանական ժողովրդին ծանոթացնելու համար (տես,«Մշակ» 1884 թ., М 39, էջ 2)։

Բավականին խճճված ու մասամբ էլ անորոշ է «Հարեմի» գրության թվականը։ Աննա Րաֆֆին 1913 թվականին իր հրաատարակած «Պարսկական պատկերներ» ժողովածուի ցանկում, որպես գրության տարեթիվ, ոչ ճիշտ կերպով «Հարեմի» առաջին մասի համար մատնանշում է 1873 և երկրորդ մասի համար 1874 թվականները։ Այս սխալը կրկնվել է նաև հետագայում, ինչպես և տեղ է գտել Րաֆֆու երկերի 1949 թվականի հրատարակության մեջ։ Բարեբախտաբար պահպանվել է մի վկայություն, որը հնարավորություն է տալիս ճշտելու գրության մոտավոր թվականը։ «Փունջի» առաջին հատորի առաջաբանում Րաֆֆին հայտնում է այսպիսի մի տեղեկություն «...«Հարեմը», «Սառան» և «Ղույլուբանին»,— գրում է նա,— մեր Պարսկաստանում եղած գրվածներիցն է, երբ արդեն վերադարձած էինք մեր հայրենիքը»: Րաֆֆին այս փաստը հայտնում է 1874 թվականին։ Հայտնի է, որ նա Պարսկաստանում եղել է 1856—1868, ինչպես նաև 1869 թվականներին։ Ընդգծված բառերից երևում է, որ Րաֆֆին «Հարեմը» դրել է վերադարձի ժամանակ: Առաջին վերադարձին (1856 թվականին) պարզ է, որ նա չէր կարող նման վեպ գրել («Հարեմը» հեղինակի ավելի հասուն շրջանի ստեղծագործության