Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճառականության հանդիսի մեջ ինքյանք կին գլխավոր վաստակարարքը:

Մեր խոսքը կարճելով մեր սիրելի հայրենակիցների հետ, դառնում եմք դեպ Պարսկաստանի բարձրագույն կառավարությունը, և որպես նորա հավատարիմ հպատակ, առաջարկում եմք նորան մեր խնդիրը:

Ժամանակ էր արդեն Պարսկաստանի օգոստոսափառ շահին բարեկարգել և վերանորոգել յուր տերությունը լուսավոր դարուս օրինավոր քաղաքակրթության համաձայն: Եվ այս դրական կետին հասանելու համար՝ ամենեն հառաջ պետք է հասկանա արեգակնափայլ շահը, որ տերություն, թագավորություն կոչված բանը չէ՛ ժողովրդի մի բազմություն ճնշված և կաշկանդված բռնության շղթաներով՝ մի տիրանի երկաթյա գավազանի տակ, որոց կառավարում էր ո՛չ թե արդար և ազատ օրենքը, այլ բռնակալի թուրը ու նորա սարսափը: Բայց տերություն կամ թագավորություն մեք հասկանում եմք մի հասարակություն՝ սրտով, մտքով ու հոգվով կապված միմյանց հետ, որք իբրև մի մարմին կազմում էին մի ամբողջություն միավորված մի գլխի հետ, որուն ասում եմք թագավոր: Այդ հոգևոր և մարմնավոր, այլ խոսքով՝ այդ ֆիզիկական և բարոյական կազմակերպության մեջ՝ յուրաքանչյուր անդամ կամ յուրաքանչյուր անհատ ունի հավասար իրավունք, նոցա ոչ մինը չէ ազատ և մյուսն ստրուկ, ո՛չ ծառա և ո՛չ տեր, ո՛չ պիղծ և ո՛չ մաքուր, այլ բոլորը մի են և հավասար բաժին ունին յուրյանց տերության հողից ու այլ բարեմասնություններից, որ աստված ստեղծել է նոցա համար:

Մի այդպիսի տերություն կառավարելու համար նվիրական կամ սրբազան օրենքները— թեև դոքա տված լինեին որևիցե մարգարեի ձեռքով, եթե համաձայն չէին նոքա ժամանակի, երկրի ու կլիմայի հետ, և ազգերի բնավորության հետ, եթե չէին բավականացնում նոքա՝ առանց խտրություն դնելու կրոնքի ու ազգության մարդկության պիտույքները և նոցա իրավունքը- ոչինչ նշանակություն չունին:

Օրենքները, թեև երկնքից իջած, չէ պիտո տանել մինչև դարերի վերջը: Վասնզի ժամանակները փոխվում են, և մարդկության կյանքը ու բնավորությունը նոցա հետ ստանում են զանազան կերպարանքներ, ուրեմն և մարդկությունը կառավարող օրենքը պիտի լծորդաբար փոփոխվի նորա հետ:

Ամեն մի տերությունք, որոց մեջ գլխավոր տեղը բռնել են հոգևորականք, ամենևին հառաջ չեն գնում: Հին Չինաստանը և Խավար Հնդկաստանը մեզ օրինակներ են. բրահմանականությունը և այլն մեր խոսքերի ապացույցներ են: Բայց Պարսկաստանը ոչ միայն յուր կառավարության սանձը տվել է մոլլաների ձեռքում, այլև նա ունի յուր սեիդները: