Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկսեց կարդալ «բժշկության» ավետարանները, որոնց կենսատու զորությունը «Ալրմաղի» ծակերից առատապես մաղվելով՝ թափվում էր հիվանդի վրա... Ավետարանը վերջացնելուց հետո, քահանան ավելի քաղաքավարություն գործ դնելով (շատ կարելի է, յուր նյութական օգուտը մտածելով)՝ հրամայեց, որ ջուր բերեն։ Տիրացուն թասի մեջ ջուր բերեց նրա մոտ։ Տեր Մարուքը սկսեց «խաչալվա» անել, վերցրեց փոքրիկ պղնձյա խաչը, որ դրած էր Ավետարանի մոտ, և մի քանի խառնիխուռն աղոթքներ կարդալով՝ երեք անգամ խաչանիշ արեց օրհնած ջուրը, որից հետո տվեց թասը տիրացուին, որ յուր ձեռքումն բռնելով՝ կանգնեց քահանայի մոտ։

Փառավորվի՜ տեր Մարուքը. առավ պղնձյա խաչը, թաթխեց օրհնած ջրի մեջ և նրանով խաչաձև գծեց հիվանդի ճակատը ասելով. «սա եղիցի բժշկություն և փարատություն ցավոց քոց». երեք անգամ կրկնեց գործողությունը, քահանան «խաչալվա» ջրից սրսկեց հիվանդի երեսի վրա, ապա ասաց բոլորին.— դե, որդիք, դուք էլ մին-մին եկեք, սուրբ Ավետարանը համբուրեցեք և օրհնած ջրին մասնակից եղեք:

Նույն ժամանակ բոլորը մեկ-մեկ առաջ գալով համբուրում էին սուրբ Խաչը և սուրբ Ավետարանը, դնում նրա կազմի վրա արծաթե դահեկաններ. և քահանան տեսնելով մի րոպեի մեջ կիտված արծաթը սուրբ Գրքի վրան՝ եռանդագին հաճությամբ օրհնած ջրով օծում էր նրանց ճակատները և խմեցնում նրանց։

Երբ ամեն ինչ վերջացած էր, տեր Մարուքը խորին զմայլանքով գրպանը լցնելով սիմոնականության արծաթը և նկատելով հիվանդի ծանր և թույլ շնչառությունը, կասկածեց, թե մի գուցե տարաժամ նա մեռներ։ Այդ պատճառով հանեց ծոցից մասնատուփը (որ առաջ մի հանգուցյալի քթախոտի տուփն էր, և իբր կողոպուտ հասել էր տեր Մարուքին) և հաղորդեց հիվանդին տիրոջ սեղանի փշրանքով։

Նույն միջոցին վարպետ Պետրոսի աչքերը լցվեցան արտասուքով, տեսնելով, որ տեր հայրը վատ կարծիք ուներ հիվանդի մասին։

— Հոգս մի անիր, որդի,— ասաց նա վարպետ Պետրոսին.— այդ սրբությունը առողջության գլխավոր դեղն է հիվանդների համար. դա թեթևացնում է ամեն տեսակ ցավեր։

Արդարև, ամենեքյան լցված հոգևոր ջերմեռանդությամբ, սպասում էին, թե ի՛նչ ներգործություն կանեին հիվանդի վրա սուրբ