Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հիվանդի դրությունը վատանում է,— մի քանի օրից հետո հայտնեց բժիշկը։— Պետք է գործ դնել խիստ հնարներ. եթե շուտով չվերադարձվի նրա առողջությունը, հիվանդը կորած է։

Օրիորդ Սոֆիի հիվանդությունը ցավալի ներգործություն ունեցավ Հացի-Գելենց տան վրա, միայն Ճանճուր Իվանիչն էր, որ սառնասիրտ էր դեպի յուր դուստրը, որ շատ էլ հեռու չէր գերեզմանից. սակայն տիկին Բարբարեն չէր հեռանում նրա անկողնի մոտից, նույնպես Մաշան՝ ռուս աղախինը, օր ու գիշեր սպասավորում էին նրան։

Լսելով օրիորդի հիվանդությունը՝ Հացի-Գելենց տանը հայտնվեցավ նաև Մայիլովը։ Նա մտավ հիվանդի սենյակը, երբ միայն Մաշան էր նրա մոտ։ Փետացած մնաց խղճալի պատանին, երբ տեսավ հիվանդի մաշված և գունատված դեմքը։ Նա խելքը կորցրեց և կատաղածի պես ուզեց իսկույն գրկել նրան, բայց աղախինն արգելեց՝ ասելով.

— Նիկոլ, ի սեր աստուծո, մի՛ վրդովեք հիվանդին։

— Նա մեռնո՜ւմ է...— գոչեց պատանին՝ ձեռքով զարկելով յուր ճակատին։

— Այսօր նրա դրությունն ավելի լավ է,— պատասխանեց Մաշան։

— Ո՛չ, նա անզգա է... ես սպանեցի նրան,— բացականչեց պատանին՝ ավելի ևս ցավալի կերպով։

ԺԹ

Հացի-Գելենց գերդաստանը ամառանոց գնալուց հետո Ճանճուր Իվանիչի գլխավոր հոգատարությունը եղավ յուր առևտուրը վերջացնել Մախոխի տղի հետ։

«Թե վուր Սամիլ Պետրովիչը կարաց էտ սովդան շինի, խոմ բաննիրս աջ է»,— մտածում էր Ճանճուր Իվանիչը։ «Մե կուղմեն մուֆթա փեսի տեր կու դառնամ, մեկէլ կուղմեն էտ զահրումար ծախսերեմեն կու պրծնիմ։ Ա՜խ, ինչ ղադամի վատ է էլի աթմորթու հալը... Նա պիտի տուն պահե, կնիկ պահե, վուրթիք մինձացնե. դրանք ուզում ին հաց, հագուստ ու ուրիշ ինչե՜ր չին ուզում... ու էտ ամենը փուղ գուզե... ու էնքան դժվարութինով շահի-շահի դարձած կապեկնիրը պտիս տա հացի. մե սհաթից հետո էլի ուզում ին... պտիս տա հագուստի, որ շուտով մաշվում ոչնչանում է...