Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա՛ այդպիսի տխուր և տրտում խորհրդածությունների մեջ ընկղմված, Ճանճուր Իվանիչը, միայնակ նստած յուր սենյակում, կարծես թե մեկին սպասում էր։ Հանկարծ դուռը ճռաց, ներս մտավ Սամիլ Պետրովիչը։ Ճանճուր Իվանիչը տեսնելով մոցիքուլին, փոխեց յուր դեմքի թթու արտահայտությունը և, ակամա ուրախություն կեղծելով երեսի վրա, ընդունեց շնորհալի կերպարանք։ Բայց միևնույն րոպեին գաղտնի կասկածը կրծում էր նրա լերդը, թե ի՛նչ կլինի յուր վիճակը, եթե Սամիլ Պետրովիչի բերած լուրը գոհացուցիչ չլինի։ Այդ պատճառով սկզբից նա չուզեց այդ մասին հարցներ ինչպես մի մարդ, որ չէ կամենում շուտով զարհուրեցնել իրան անհուսալի լուրի կայծակով։

— Բարով, բարով, Սամիլ Պետրովիչ, հրամմեցեք,— ասաց նա ակամա ծիծաղելով։

— Բարով,— պատասխանեց մոցիքուլը և ձեռք տվավ Ճանճուր Իվանիչին, հետո նստեց նրա առջև աթոռի վրա և, երկու ձեռքով բռնելով յուր հաստ գավազանի գլխից, ծնոտը ամրացրեց նրա վրա և սկսեց աղվեսի նման նայել Ճանճուր Իվանիչի երեսին։

— Վո՞ւնց իք, լավ ի՞ք ,— հարցրեց Ճանճուր Իվանիչը։

— Փառք աստուծո, լավ ինք,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը։

— Ի՞նչ նուր խաբար կա։

Սամիլ Պետրովիչը սկսեց պատմել նրան մի քանի նորություններ, բայց նրանցից ոչ մինը չգրավեց Ճանճուր Իվանիչին, նրա միտքը Մախոխի տղի վրա էր, և նա հարցրեց.

— Էն մասին, Սամիլ Պետրովիչ, կարացի՞ք մե բան շինի։

— Մախոխի տղի մասին իս ասո՞ւմ,— հարցրեց Սամիլ Պետրովիչը։ — Այ նրա ժանգոտ հերն անիծած, վուրքան չալիշ էկա, չկարացի սովդան գլուխ բերի,— պատասխանեց Սամիլ Պետրովիչը տհաճությամբ։

Ճանճուր Իվանիչը զարհուրեցավ։

— Չըլի՞ ասում է փուղը քիչ է,— հարցրեց նա։

— Չէ, փուղի բան չէ՛․ թե մենակ փուղի բան ըլեր, գլուխը քարը. մե քիչ ավելով, մե քիչ պակասով կու դրստեի. մագրամ նա ուրիշ ղալաթ է անում։

— Ի՞նչ է ասում, իմ աղջկանից լավ աղջիկ պիտի առնի՞, թե ինձմեն լավ մարդու փեսա պիտի դաոնա։

— Դրուստ է, նա էլ ասում է՝ հոգի ունիմ աստծուն տալու, աղջիկը լավ, սիրուն աղջիկ է, իստակ, իսպահի ու ուսումով, մագրամ