Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ օրիորդը նրա ձեռքը սեղմեց յուր փափուկ կրծքի վրա, որ նույն րոպեին սաստիկ կերպով զարկում էր ինչպես ալեկոծյալ ծովը։

— Այժմ տաքացա՞վ,— հարցրեց օրիորդը։

— Ես ոչինչ չեմ զգում,— պատասխանեց նրան Արամյանը։

— Այո՛, դու անզգա ես,— պատասխանեց օրիորդը,— բայց շոշափի՛ր կուրծքս։

Արամյանը ձեռքը դրեց նրա սրտի վրա։

— Քո սիրտը սաստիկ կերպով զարկում է,— պատասխանեց նա։

— Այդտեղ անհանգստություն կա, այնպես չէ՞,— հարցրեց օրիորդը։

— Այո՛, դու վրդովված ես։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, երկու կողմից ևս տիրեց րոպեական լռություն։

— Վահե՛, այնպես չէ՞, ես խիստ անհամեստ եմ,— հարցրեց օրիորդը նրա ձեռքը հանելով յուր ծոցից։

— Ես այդպիսի կարծիք չունիմ քո մասին,— պատասխանեց Արամյանը։

— Դու այդպես ասելով միայն չես կամենում վշտացնել ինձ, բայց ես զգում եմ, որ ոչ միայն անհամեստ եմ, այլև հիմար, ցնորված.․.։

Արամյանը ոչինչ չպատասխանեց նրան, միայն լսեց նրա դառն հեկեկանքը։

— Ինչո՞ւ այդպես, Սոֆի,— նրա ձեռքը բռնելով հարցրեց Արամյանը և նույն րոպեին նստեց պառկած տեղից։

— Վահե՛— խոսեց նա,— ներիր իմ անհամեստությանը, պատճառը որ դու այնքան բարի ես... իսկ ես՝ թշվառականս, ամենաչնչին էակ եմ... ես զգում եմ իմ բոլոր ոչնչությունը քո առջև... արդարև, ես արժանի չեմ քեզ... միայն դու ներիր ինձ, որ ասեմ, թե «սիրում եմ քեզ»:

— Դու ինձ սիրո՞ւմ ես,— հարցրեց նույնպես վրդովմունքով Արամյանը։

— Այո՛,— պատասխանեց օրիորդը, չդադարելով լաց լինելուց։ Սրբազան խռովությունը տիրեց Արամյանին, և նա հափշտակվեցավ սքանչելի հոգեզմայլությամբ, երբ նրա ականջներին զարկեցին մոգական խոսքի վերջին հնչյունը՝ այո՛։

— Դու սիրո՞ւմ ես ինձ... ուրեմն թույլ տուր համբուրեմ քեզ,— ասաց նա ուրախությամբ։