Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձավ նա դեպի մանկահասակ տղամարդիկը, — ձեզ ևս պետք է հաղորդ կացուցանել տիրոջ սեղանի փշրանքին։

Նրանք չկամենալով վշտացնել օրիորդի ջերմեռանդությունը, ընդունեցին նրա ձեռքից մի-մի պատառ նշխարք և բերանները դրին։

Մայրն սկսավ հարցնել աղջկանից, թե եկեղեցում ո՞վ կար, ժողովուրդը շա՞տ էր թե քիչ և թե ո՞վ էր պատարագիչը։

— Պատարագիչը տեր-Հարությունն էր. ժողովուրդը խիստ սակավ էր, համարյա մի քանի պառավ կանայք և ծերունիք էին միայն եկել։ Ժողովուրդը, ինչպես երևում էր, գնացել էր մեծ դքսի գալստյան հանդեսը տեսնելու։ Չգիտեմ ինչո՞ւ այսօր ժամասացությունն էլ շատ անկանոն էր։ Պատարագիչ քահանան անգամ Հովհաննու ավետարանը մինչև վերջը չկարդաց։

Տիկին Եղիսաբեթը շարժեց գլուխը։

— Ա՜խ, քահանաներ...,— գոչեց նա խորհրդական ձայնով։

— Այդպիսի օրերում նրանք առհասարակ պոչից֊գլխից կտրում են, — ասաց Քաջբերունին և միևնույն րոպեին ստրջացավ, թե ինչո՞ւ մի այդպիսի պատկառելի իրողության վրա այնպես տգեղ խոսեցավ։

Տիկին Եղիսաբեթը ոչինչ չպատասխանեց, միայն օրիորդն ասաց.

— Դժբախտաբար այդպես են մեր եկեղեցականները. կարծես թե նրանք աստծու համար չեն կարդում կամ մի գերագույն ունկն չէ լսում նրանց, այլ իրանց ժամասացությամբ միայն ժողովրդին են կամենում հրապուրել...։

— Այդ բոլորը մեր քահանաների վատ կրթությունիցն է,— պատասխանեց Արամյանը,— մինչև այսօր մենք չունինք կարգին ուսումնարաններ՝ օրինավոր քահանայացուք պատրաստելու համար, և մեր քահանաներն ընտրվում են ժողովրդի անպիտան մասից։ Այդ է պատճառը, որ ժողովուրդը շատ է սառել եկեղեցուց։

— Երբեք մարդ չի հրաժարվում յուր բարեկամի տանից, եթե նրա ծառաներն անկիրթ և անկարգ մարդիկ են,— խոսեց տիկին Եղիսաբեթը,— ուրեմն ի՞նչպես կարելի է հեռանալ աստծո տանից, եթե նրա սպասավորներն անկիրթ մարդիկ են։

— Բոլորովին ուղիղ է ձեր խոսքը,— պատասխանեց Արամյանը,— բայց և այնպես հարկավոր է աստծո տան տպավորության համար արժանավոր ծառայողներ պատրաստել։

— Առհասարակ մեր եկեղեցու մեջ ժամասացությունը վերին աստիճանի անկանոն է. ցանկալի է, որ այդ բանի վրա ամենալուրջ