Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարկատել տալ յուր պատառոտված կոշիկները, նույնպես և դժվարանում էր նորոգել յուր քայքայված շենքը, մտածելով, «այսպես էլ յոլա կգնա, քրահը խո ստանում եմ»... Նրա ընդարձակ բակում երբեմն գիշերում էին կառապաններր։ Ձիաների աղբը և քանդված սենյակների աղյուսները, կուտակվելով միմյանց վրա, այնտեղ ահագին բլրակներ էին կազմել։ Գարշահոտությունը անտանելի էր։ Ողջ մնացած սենյակներում բնակվում էին լվացարար կանայք, և մռայլ, կասկածավոր հասարակություն, որ հայտնի չէր՝ թե ինչով էին պարապում, կամ ինչ միջոցներով էին ապրում։

Ներքին հարկի ստորերկրյա նկուղներից մեկի մեջ բնակվում էր մի այրի կին։ Այդ խոնավ, օդից ոլ լույսից զրկված նկուղը մի ժամանակ ծառայում էր վերևի կենողի համար որպես փայտանոց, իսկ հետո, ավելորդ համարելով, վարձով տվեց, ամիսը հիսուն կոպեկ ստանալով աղքատ այրիից։ Նկուղի միակ կարասին փոքրիկ թախտն էր, որ գժվարությամբ տեղավորվել էր նեղ լուսամուտի առջև, որի երկու ծռված փեղկերը պահպանել էին երկու ապակիներ միայն։ Թախտի ներքո, որպես ապահով պահարանում, դրված էին ողորմելի բնակչի ողորմելի տնտեսության անոթները։ Մի երկար կտավի կտոր, իբրև վարագույր, մեխած էր թախտի առջևի կողմից, որը ծածկում էր նրա տակում ածված չքավոր իրեղենների ամոթը այցելուի աչքից։

Թախտի թերմաշ գորգի վրա նստած էր այրի կինը և, սպիտակ ակնոցները թելով կապած ունենալով գլխի շորերին, կար էր կարում, թեև նրա խոշոր կարը ոչ աչքերի պետք ուներ և ոչ ակնոցների։ Մեծ ասեղը ոսկրացած մատների մեջ արագությամբ շարժվում էր և հաստ դերձանով կարում էր տոպրակներ։

Չնայելով ծայրահեղ աղքատությանը, որ տիրում էր այդ խղճալի բնակարանում, դարձյալ ամեն մի առարկայի մեջ նշմարվում էր կարգ և մաքրություն։ Աղյուսյա հատակը համարյա մաշվել էր ավելի ստեպ գործունեության ներքո։ Գաջով ծեփած պատերի վրա մի հյուլեի չափ փոշի չկար։ Դուռը, հաճախ լվացվելով, բոլորովին կորցրել էր յուր ներկը։ Երևում էր, որ անբախտ այրին մի ժամանակ ճաշակել էր ավելի բախտավոր կյանքի վայելչությունները։ Եվ, իրավ, մի ժամանակ նա յուր սեփական տան տիկինն էր, շրջապատված ծառաներով ու աղախիններով, բայց դառն հանգամանքները խլեցին նրանից բոլորը և նետեցին այդ մթին նկուղի մեջ։ Ամուսին այրը մեռավ կսկիծից, բարեկամները հեռացան աղքատից, և մոռացան աղքատին։