Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շնորհակալ եմ, Արտեմ Պետրովիչ, որ Աղա-Պարոնովը ցանկանում է իմ որդուն նույն հայրությունը անել, ինչ արել է իմ հանգուցյալ ամուսինը նրան, երբ նա ինձ նման մի աղքատ մոր որդի էր։ Բայց ես արդեն սովորել եմ այդ դառն վիճակին և եթե քաղցածությունից մեռնելու ևս լինեի, դարձյալ ձեռք չէի մեկնիլ այն մարդուն, որ իմ դժբախտ ամուսնի կործանման պատճառը դարձավ...

— Այդ ի՞նչ ես ասում, Քեթևան, — ձայն տվեց Արտեմ Պետրովիչը զարմացած ձևանալով։— Այդպես մի խոսիր, Քեթևան, հոդուդ մեղք մի՝ արա, Սերգեյ Եգորիչր քո ասած մարդը չէ։

— Ավելի՛ վատն է, Արտեմ Պետրովիչ, նա յուր բարերարի ընտանիքը ձգեց այդ խոնավ, մթին նկուղի մեջ, իսկ ինքը նրա փողերով մեծ տներ շինել տվեց յուր համար։

— Սխալ ես հասկացել, Քեթևան, այդպես չէ, հոգիս վկա, այդպես չէ։

— Այդպես է, Արտեմ Պետրովիչ, ես վերջը բոլորը իմացա... բոլորը հասկացա... բայց այն ժամանակ բանը բանից անցել էր...

Տիկինը պատմեց, թե զարմանում է, որ Արտեմ Պետրովիչը չգիտե այն բոլոր ցավալի իրողությունները, որ շատերին հայտնի է։ Երբ յուր ամուսնի գործերը վատ գնացին, նա ընկավ մի տեսակ կիսացնոր տրամադրության մեջ։ Յուր գործերի դրությունը ծածկում էր նա թե՛ յուր կնոջից և թե բարեկամներից։ Խորհրդակցում էր միայն Սերգեյ Եգորիչի հետ, որը նրա գլխավոր գործակատարը և, միևնույն ժամանակ, մտերիմն էր։ Այդ խորամանկը, օգուտ քաղելով յուր «խազեինի» գրությունից և նրա կայքը մյուս պարտատերերից ազատելու խոստմունքով․ սկսեց սուտ վեքսիլներ առնել նրանից և բանը այնտեղ հասցրեց, որ ամբողջ խանութը յուր անունով դարձրեց։ Երբ ամուսինը բոլորովին խելագարվեցավ, երբ նրան հիվանդանոց տարան և այնտեղ մեռավ, այդ ժամանակ խաբեբան տիրեց նրա բոլոր կայքերին, և նրա ընտանիքը մի կտոր հացի կարոտ թողեց։

— Ախար, Քեթևան, այդ ամենը սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ,— ընդհատեց Արտեմ Պետրովիչը։

— Ճշմարիտ է, սուդով եղավ, գործը դատաստանի ընկավ,— պատասխանեց խեղճ կինը վշտացած ձայնով։

— Բայց ո՞վ պիտի պաշտպաներ անտեր մնացած ընտանիքի շահերը։ Մեր ձեռքում մի կոպեկ անգամ չէր մնացել փաստաբաններին վճարելու համար։ Ամեն ինչ նրա ձեոքումն էր, և նա յուր բանը շինեց, գործը տարավ...