Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրած էր մի փառավոր լատանիա, որ յուր գեղեցիկ հովհարի ձևով լայն բացված տերևները տարածել էր դեպի ամեն կողմ։ Հակառակ անկյունում դրած էր մի շքեղ ցիկասյան արմավենի, որ յուր սիրուն փետրանման տերևներով ներկայացնում էր մի հսկայական, կանաչազարդ փունջ։ Տիկինը այդ բույսերը տեսել էր պալատում և իսկույն բերել տվեց արտասահմանից, որը արժեց նրան մի քանի հազար ռուբլի։

Կարմիր ատլասով պատած և թանկագին փայտից շինված, գեղաքանդակ կարասին աչք էր շլացնում։ Ահագին հայելիները, հիանալի շրջանակների մեջ գրած, բարձրացել էին մինչև առաստաղը։ Զանազան մեծամեծ ջահեր, զանազան տեսակ ղամբարներ, զանազան արծաթյա աշտանակներ այնպես խուռն կերպով լցրել էին ընդարձակ դահլիճը, որ, ո՛ր կողմ և նայում էիր, մինոր և ավելի սիրուն զարդ էիր տեսնում։ Բայց այդ բոլորը այնքան շինծու էր, այնքան արհեստական էր, որ գեղեցիկ դահլիճը, յուր ամբողջ պարագայքով, ոչ թե մի վայելուչ բնակարանի, այլ մի հարուստ մագազինի տպավորություն էր գործում։ Ամեն զարդարանք կար, բայց ճաշակ չկար, կարգ չկար։

Երբ փող և ցանկություն կար, հեշտ էր ամեն ինչ բերել տալ Եվրոպայից, հեշտ էր ձեռք ածել հայտնի նկարիչների ամենաընտիր գործերը և նրանցով զարգացել սենյակների պատերը։ Բայց այն, որ պատրաստի չէր վաճառվում բազարում, այն, որ դժվար էր ձեռք բերել փողով,— նրանից զուրկ էին Աղա-Պարոնովները։ Բոլորովին աղքատ և գռեհիկ գրությունից, զանազան խարդախ ճանապարհներով, հանկարծ հարստության տեր դառնալով, նրանք չգիտեին, թե ի՛նչպես պետք էր ավելի պատշաճավոր կերպով վայելել հարստությունը։ Նրանք հին կյանքը մոռացան, նորն էլ չսովորեցին։ Սովորեցին միայն զանազան կապկորեն նմանողություններ, որ կեղծ, փչացած կրթության արդյունք էին։

Եռանկյունի մեծ դաշնամուրը, այդ ծառաների պատիժն ու պատուհասը, ստիպված էր շաբաթը մի քանի անգամ գաղթականության ենթարկվիր։ Անդադար տեղափոխվում էր դահլիճի մի կողմից դեպի մյուսը, և ամեն անգամ տիկինը նրան յուր տեղում անհարմար էր գտնում, որովհետև նա չգիտեր, թե որ առարկան ո՛ր տեղում պետք էր դնել։

Հյուրերը, սեղանատնից դուրս գալուց հետո, տարածվեցան՝ ոմանք բազկաթոռների վրա, ոմանք դիվանների վրա, սկսեցին ծխել։ Արկղիկների մեջ պատրաստ էր նրանց համար հավանյան։