Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդ ենթադրությունը սխալ չէր, որովհետև ես շատ անգամ լսում էի ծերունի որսորդի խրատները, որ կարդում էր մեզ, և այդ իմաստուն, խորախորհուրդ խրատները ես հիշում եմ մինչև այսօր։

Մինչ այդ խորհրդածությունների մեջ էի, հանկարծ մտաբերեցի վարպետիս. որսորդը նրա բարեկամը լինելով, կարող էր գիտենալ, թե ինչո՛վ վերջացավ նրա գործը։

Նա պատմեց սարսափելի բաներ։

Վարպետիս կալանավորելուց հետո, նրա ամբողջ արհեստանոցը գրավել էին և աճուրդով ծախել էին։ Այդ բավական չէր, նրան ենթարկել էին ահագին տուգանքի, և որովհետև վարպետս պատրաստի փող չուներ, փոխարենը վաճառվել էր նրա տունը, բոլոր կայքը և կալվածները։

— Այդ բոլորը դեռ տանելի է,— ավելացրեց ծերունի որսորդը ցավակցական ձայնով։

— Դեռ սպասում է նրան ամենասարսափելին...։

— Ի՞նչ բան,— հարցրի ես, ոչ սակավ սարսափելով։

Երկու օրից հետո, հրապարակի վրա, դահիճը պիտի կտրե նրա աջ ձեռքի բազուկը...։

Կարծես կայծակով հարվածեցին ինձ։

— Ինչո՞ւ համար, ինչո՞վ է հանցավոր,— գոչեցի ես խելագարի նման։

— Հանդարտվիր,— ասաց ծերունի որսորդը և շարունակեց,— թե ինչո՞վ է հանցավոր նա, հանցանքը հայտնի է, բայց թե որ աստիճան ստույգ է այդ հանցանքը,— դա մի գաղտնիք է, որ պատած է խորին մթությունների մեջ։ Ես համարում եմ վարպետ Գրիգորին շատ իստակ և արդար մի արհեստավոր։ Նա խաբեբա, ստախոս մարդ չէ։ Նա իրան թույլ չի տա մասնակից լինել անարդար գործի։ Բայց մի ապացույց ոչ միայն նրան կասկածանքի ներքո է դնում, այլ հաստատում է նրա վրա դրած մեղադրանքը։

— Ի՞նչ ապացույց,— հարցրի ես անհամբերությամբ։

— Մի բանալի...։

Ես սոսկացի։ Որսորդը չնկատեց իմ խռովությունը, շարունակեց.

— Ահա ինչումն է գործը, դու խո ճանաչում ես Հին քաղաքի հարուստ աղալարներին, դու խո գիտես, թե ի՛նչ տեսակ գազաններ են նրանք։ Քո վարպետի կալանավորվելու նախորդ գիշերը անհայտ չարագործները մտել էին այդ աղալարների ամրոցը, բաց էին արել մեծ երկաթե արկղը և նրա միջից գողացել էին շատ