Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այն բոլորը, ինչ որ պատմեց քեզ որսորդը, մենք առաջուց գիտեինք,— ասաց Ասլանը։

— Դուք գիտեիք և թաքցնո՞ւմ էիք ինձանից,— գոչեցի ես վրդովված ձայնով։

— Մենք չէինք ուզում քեզ տխրեցնել։

Մինչև ընկերներս մորթեցին այծը, մինչև հոշոտեցին, մինչև կրակ վառեցին, գիշերից բավական անցավ։ Առատ խորովածը մատակարարում էր նրանց սեղանին այն ճոխ ընթրիքներից մեկը, որի նմանը խիստ հազիվ անգամ նրանք վայելում էին անմարդաբնակ անտառում։ Գինին նույնպես առատ էր։ Չնայելով, որ ընկերներս ամեն կերպ աշխատում էին ուրախացնել ինձ, վանել իմ տխրությունը, բայց հնար չէր լինում։ Իմ սիրտը լցված էր անսահման դառնությամբ, գլխումս պտտվում էին հազարավոր սատանաներ։ Ես ոչինչ ուտել չկարողացա, միայն խմում էի, աշխատում էի գոնե գինով թմրեցնել ինձ տանջող ցավերը։ Բայց նա էլ չէր օգնում։ Սալմաստա զորեղ գինին ինձ վրա ջրի ազդեցություն էր անում։

— Անհոգ կա՛ց, Մուրադ,— ասաց ինձ Կարոն,— մենք չենք թողնի, որ քո վարպետի ձեռքը կտրեն։

— Դո՞ւք,— հարցրեցի ես թերահավատությամբ,— դուք ի՞նչ կարող եք անել։

— Մենք շատ բան կարող ենք անել,— պատասխանեց Կարոն մի առանձին անձնավստահությամբ։

Ես չկամեցա ընկերներիս հպարտությունը վիրավորել և լուռ կացա։

— Հանաք չենք անում, Մուրադ,— շարունակեց Կարոն բավական լուրջ կերպով,— քո վարպետը առաջիկա գիշերում ազատված կլինի բանտից։ Մյուս առավոտը, երբ բանտի դռները բաց կանեն, որ տանեն նրան հրապարակի վրա ձեռքը կտրելու համար, կգտնեն նրան անհայտացած։

— Դա անկարելի բան է։

— Շատ հնարավոր բան է,— պատասխանեց Կարոն։— Ամեն ինչ կարգադրված է, ինքը ծերունի որսորդը կառաջնորդե մեզ. մենք ունենք ուրիշ ընկերներ ևս...

Վերջին բառերը կարծես սխալմամբ նա բաց թողեց բերանից և շուտով խոսքը փոխեց.

— Դու էլ, իհարկե, մեզ հետ կլինես։

— Վարպետիս ազատության համար ես դժոխքն էլ կմտնեմ: