Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընթրիքից հետո ընկերները շուտով պառկեցան քնեցին, երևի առաջիկա գիշերվա արշավանքի համար ավելի կազդուրվելու մտքով։ Բայց ես քնել չկարողացա։ Զով գիշեր էր, մեղմիկ քամին հազիվ օրորում էր քնած տերևները, և անտառի լռությունը կենդանանում էր ծառերի խորհրդավոր սոսափյունով։

Ես միայնակ նստած էի տաղավարի մոտ, ականջ էի դնում։ Խառն մտածություններ անհանգստացնում էին ինձ։ Կարոյի խոսքերը անհավատալի էին թվում։ Ես ավելի հավանական էի գտնում, որ ոգևորված գինու ազդեցությամբ՝ նա միայն կամեցավ առժամանակ հանգստացնել ինձ։ Եթե մի այսպիսի դիտավորություն լիներ, ծերունի որսորդը անպատճառ կասեր ինձ։ Բայց նա ոչինչ չհայտնեց և հեռացավ։

«Երկու օրից հետո հրապարակի վրա դահիճը պիտի կտրեր նրա աջ ձեռքի բազուկը»... հիշեցի ես ծերունի որսորդի խոսքերը։— Անմեղ մարդը պիտի պատժվեր ինձ նման մի հիմար համբակի և մի նենգավոր չարագործի պատճառով...։ Ո՛չ, ո՛չ, մտածում էի ես, այդ անկարելի բան է... կգնամ քավոր Պետրոսի մոտ, հենց այս գիշեր կգնամ... Կասեմ նրան, դու ինձ խաբեցիր, այժմ քո չարագործության պատճառով պատժվում է մի արդար մարդ, կա՛մ պիտի գնաս դատավորի մոտ և հայտնես, թե դու ես մեղավորը, որ ազատես նրան դատապարտությունից... կա՛մ ես ինքս կգնամ և ամեն ինչ կհայտնեմ ուր որ հարկն է...:

Այդ մտածությունները կարծես թե ինձ ուժ տվին, ես վեր կացա։ Իմ խռովության մեջ ես մինչև անգամ մոռացա այն խոսքերը, որ ընթրիքի ժամանակ Կարոն ասաց ինձ,— մոռացա և իմ խոստմունքը, թե նրանց հետ դժոխքն էլ կմտնեմ սիրելի վարպետիս ազատելու համար։

Տաղավարի մոտ դեռ վառվում էր կրակը և աղոտ լույսը տարածում էր քնած ընկերներիս վրա։ Մի անբացատրելի նախազդեցությամբ, կարծես զգում էի, թե այլևս չպիտի տեսնեմ այդ կյանքով լի, եռանդոտ և անկեղծ բարեկամներիս։ Նրանք քնած էին տաղավարի մեջ։ Ես մոտեցա, խոնարհվեցա և արտասուքը աչքերումս համբուրեցի երեքի երեսները, ապա դուրս եկա տաղավարից։ Եվ վերջին անգամ հայացք ձգելով այն անտառային մենավոր խրճիթի վրա, որ կապված էր իմ պատանեկության սրտի հետ անմոռանալի հիշատակներով,— «մնաք բարյավ, սիրելի ընկերներ», ասեցի և հեռացա...: