Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերն էր։ Եթե այդ գիշեր փրկություն չլիներ վարպետիս համար, առավոտյան ամեն հույս պետք էր կորած համարել։— Առավոտյան նրան պիտի դուրս հանեին դատապարտյալների հրապարակի վրա․․․։ Այդ միտքը սարսափեցնում էր ինձ։

Գիշերը ես անցկացրի կատարյալ տենդային դրության մեջ։ Ոչ քնել կարողացա և ոչ արթուն էի։ Ինձ տիրել էր մի տեսակ կատաղություն, որ պահում է մարդուն ալեկոծության մեջ, բայց միևնույն ժամանակ թույլ չէ տալիս տեղից շարժվել, ինչպես ծովը ծփում է յուր շրջանակի մեջ։ Ես նույն րոպեում պետք է թռչեի, վազեի, գնայի այնտեղ, ուր անմեղ մարդը պիտի դատապարտվեր: Բայց կարծես մի աներևույթ ձեռք կաշկանդել էր ինձ․ իմ կամքի, բնավորության զորությունը թուլացել էր․։

Ես հիվանդ էի։ Գլուխս սաստիկ ցավում էր, ամբողջ մարմինս վառվում էր կրակի մեջ։ Մայրս, քույրերս, Սառան չհեռացան իմ անկողնից։ Նրանց խոսքերը ես լսում էի, հասկանում էի, բայց իմ պատասխանները լինում էին այն աստիճան անկապ, անտեղի և խառնաշփոթ, որ մայրս մեծ զարհուրանքով մտածում էր, թե սիրելի որդին խելագարված է․․․

Առաջին անգամն էր պատահում ինձ արթնության մեջ երազներ տեսնել։ Երբ աչքերս խփում էի, ինձ երևում էր, թե գտնվում եմ Հին քաղաքում։ Առավոտ է։ Փողոցներում տիրում է հուզմունք և իրարանցում։ Մարդիկ շտապով վազում են դեպի դատապարտյալների հրապարակը։ Ես էլ այդ խռովյալ բազմության հետ վազում եմ դեպի այն կողմը։ Հրապարակի վրա ասեղ գցելու տեղ չկա. ամբողջ տարածությունը պատած է հետաքրքիր հանդիսատեսներով։ Հրապարակի շուրջը գտնված ծառերի ճյուղերն անգամ ծանրաբեռնված են մարդիկներով։ Նրանք երևում էին ինձ այնքան մանր, փոքրիկ ծտերի նման, «Ի՞նչ կա, ի՞նչ բանի է սպասում այդ խուռն բազմությունը»,— հարցնում էի ես։— «Մի հանցավորի ձեռքը պիտի կտրեն»,— լինում էր պատասխանը։

Սարսափելով այդ խոսքերից, աչքերս բաց էի անում, այլևս ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէր երևում։ Տեսնում էի միայն մորս տխրամած դեմքը, որ նստած էր իմ անկողնի մոտ, տեսնում էի Սառայի արտասվալի աչքերը, տեսնում էի յուղային ճրագը, որը աղոտ լույսով վառվում էր իմ քնարանում։ Քույրերս պառկած էին. ամբողջ տունը նիրհում էր. երկու հոգի միայն արթուն էին մնացել — մայրս և սիրող աղջիկը...։

Այդ իրականություն էր. իսկ մնացածը երազ։