Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վերջին խոսքերի միջոցին նա ձեռքը տարավ դեպի մորուքը և շապկի թևքը հետ քաշվելով, երևան հանեց նրա մերկ բազուկը։ Ամեն անգամ այդ բազուկը տեսնելիս ինձ տիրում էր մի սրբազան սարսուռ և սիրտս սկսում էր դողդողալ մի անբացատրելի հոգևոր երկյուղածությամբ։ Նրա վրա դրոշմված էր Երուսաղեմի վանքի սուրբ կնիքը, որը պատկերացնում էր յուր մեջ այն նվիրական տեղերը, որոնց հետ կապված են ամբողջ քրիստոնյա աշխարհի սրտերը։ Իսկ ձեռքի վրա դրոշմված էր մի խա9 — սիրո և եղբայրության նշան- Հիսուս Քրիստոսի ուխտի նշանը, որը պատվիրեց նա կրել, որպես մի հոգևոր զենք արդարության և ճշմարտության համար մարտնչելու։ Մի՞թե մի այսպիսի ձեռքը, որ կրում է յուր վրա այս քրիստոնեական զինվորության նշանը, ընդունակ կլինի չար գործելու։

Քավոր Պետրոսը մահտեսի էր։ Նա յուր կյանքում մի քանի անգամ այցելություն էր գործել Երուսաղեմի վանքը և յուր ձեռքերը, բազուկները դրոշմել էր սուրբ ուխտի կնիքով։

Երբ նրանից հարցրի՝ ուրեմն ի՞նչ հատուցում պիտի անեք այն անմեղ մարդուն, որին դուք թեև անգիտակցաբար դժբախտացրիք,— նա պատասխանեց.

— Ես այդ մասին մտածել եմ և վճռել։ Լսիր, Մուրադ, ես, ինչպես ասում են հեքիաթների մեջ, պետք է երկաթե ցուպ կրեմ ձեռքիս, պետք է երկաթե տրեխներ հագնեմ, վերջապես պետք է երկաթե շղթա անցկացնեմ պարանոցիս և երկրե-երկիր, աշխարհից-աշխարհ ման գամ, մուրացկանություն անեմ, փող հավաքեմ, որ նրա կրած վնասների փոխարենը վճարեմ, որպեսզի խիղճս հանգստացնեմ։

— Ուրեմն դուք վճռել եք գնալ օտա՞ր աշխարհ։

— Անպատճառ։

— Եվ ա՞յդ նպատակով։

— Այո՛, այդ նպատակով։

Ես հիացած մնացի նրա առաքինության վրա։

Րոպեական մտածությունից հետո խոսեց նա.

— Ես քեզ խոստովանվեցա իմ բոլոր հանցանքը, խոստովանվեցա նաև, թե ինչով դիտավորություն ունեմ քավելու այդ հանցանքը։ Հիմա ես դառնում եմ դեպի քեզ, Մուրադ, դու խելացի տղա ես, դու հասկանում ես այնքան, որքան կարող է հասկանալ մի ազնիվ, հասակավոր մարդ։ Խոստովանվիր, քո խիղճը, քո սիրտը չէ՞ ասում քեզ, որ վարպետիդ դժբախտության մեջ դու նույնքան հանցավոր