Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1. Տեղափոխել մեր բնակությունը տների վերին հարկը.

2. Ինձ համար առանձին սենյակներ որոշել այնտեղ.

3. Գնել սենյակներիս համար եվրոպական պատշաճավոր կարասիք և մի հատ դաշնամուր.

4. Հոգալ հագուստիս մասին։

Այդ թերթը գրված էր վրացերեն, որ տիկին Բարբարեն ինքը ևս կարող էր կարդալ․ մայրը առավ թուղթն ու դուրս գնաց, խոստանալով, որ գիշերը անպատճառ կխոսե Ճանճուր Իվանիչի հետ։

Այդ երեկոյան Ճանճուր Իվանիչը խիստ ուշ դարձավ փողոցից, և տուն գնալուց հետո նա չերևեցավ յուր ընտանիքին, այլ իսկույն մտավ յուր սենյակը։ Այնտեղ նա սկսել էր քրքրել յուր առևտրական գրքերը, երբ տիկին Բարբարեն ներս մտավ և նստելով նրա մոտ, մի քանի այլևայլ խոսակցություններից հետո հայտնեց իրենց դստեր պիտույքները և կարդաց նրա պահանջած իրերի ցուցակը։

Ճանճուր Իվանիչը խորին տհաճությամբ լսելով կնոջ առաջարկությունները, նրա սարսափելի դեմքի վրա երևացին անախորժ արտահայտություններ։

— Գանա առանց էտունք չի կանա յոլա գնա Սոֆի՞ն,— խոսեց նա յուր ռեխը թթվեցնելով։

— Վո՜ւյ մե, աբռազովաննի աղջիկը առանց էտունք վո՞ւնց կանա յոլա գնա,— պատասխանեց տիկին Բարբարեն խորին համոզմունքով։

Ճանճուր Իվանիչը մի քանի րոպե մտածման մեջ ընկավ։

— Լավ, հագուստը ջեր ասինք հարկավուր է, չունքի սատանեքը կու խռովին, եփոր աղջկերքը մոդիցը հիդ ննգնին,— ասաց նա հեգնորեն։— Մագրամ էդ մեկել չանչալեքն ի՞նչ զահրումար ին,— կրկնեց նա աչքի տակով նայելով յուր կնոջը։

— Գանա դուն չի՞ս գիդի,— պատասխանեց տիկին Բարբարեն՝ գլուխը շարժելով։

— Սատանեն է խաբար, ես ի՞նչ գիդենամ,— խոսեց Ճանճուր Իվանիչը պինդ ձայնով։

— Է՛լի իծանիրդ մոդ էլա՜ն։

— Բաս ի՞նչ անիմ, վուր չգժվիմ։

— Էստուրում ի՞նչ գժվելու բան կա, վուր ուզում իս անպատճառ միծ մարաքա սարքիս։

— Ախար ես վո՞ւր ջուրը ննգնիմ, ձիր վո՞ւր մեկ ասածը կատարիմ. մեկ չէ՛, երկու չէ՛, հարուր չէ՛, հազար չէ՛։ Ամեն օր հենց ինձ նուր-նուր մսխերի մեջ իք գցում։