Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փողոցները, տների լուսամուտները բռնված էին մարդիկներով։ Կնիկները, իրանց երեխաներին գրկած, անց էին կենում ձիաների երասանակների տակով: Շատերը փորձում էին անիվների տակով անցնել։

Կառքը կանգնեց գյուղի կալվածատիրոջ տան դռանը։ նրա ետևում նստած գանգրահեր երիտասարդը ցած ցատկեց և, շուտով բաց անելով նրա դռնակը, օգնեց նստողին դուրս գալու։ Գյուղի երկու քահանաները և կալվածատեր պարոնը մտան սրբազան հյուրի թևքերի տակը և համարյա ձեռքերի վրա նրան ներս տարան։

Թեև երեկո էր, բայց տակավին բավական լույս կար։ Այսուամենայնիվ, բազմությունը դարձյալ զուրկ մնաց նրա դեմքը տեսնելուց։ Որովհետև երեսի վրա ձգած ուներ մի տեսակ խիստ օտարոտի քող, որի վրա նկարված էր վերջին դատաստանի սոսկալի պատկերը։

Երբ նրան ներս տարան յուր համար հատկապես պատրաստված սենյակը, երեսի քողը վեր առեց։ Հայտնվեցավ մի պատկառելի դեմք փառահեղ սպիտակ մորուքով, երկայն ալեխառն մազերով։ Արդարությունը, հոգևոր խաղաղությունը, լուսավորված ջերմ հավատքով, դուրս էին ցոլանում նրա երեսի մեղմ գծերից։

Տունը գեղեցիկ կերպով զարդարված էր։ Նրա տերերը այն տեսակ ազնվականներից էին, որոնք իրանց կյանքի առույգ տարիները մայրաքաղաքների զեխության, շռայլության և անբարոյական շվայտությունների մեջ մաշում են, սպառում են և, երբ մոտենում են գերեզմանին, այնուհետև հոգնած, ձանձրացած, վերադառնում են դեպի հեռավոր գավառը և անձնատուր են լինում կրոնական բարեպաշտության։

Առանձնանալով մի հեռավոր գյուղի խուլ անկյունում, այդ տեսակ մարդիկ չեն զլանում, հին հիշողությունները պահպանելու համար, շրջապատել իրանց այն զարդարանքներով, այն խայտաճամուկ առարկաներով, որոնց մեջ մի ժամանակ լողում էին։ Այդպես զարդարված էր և հիշյալ կալվածատիրոջ տունը։

Մի գեղեցիկ դիվան, պատած մանիշակագույն ատլասով, սպասում էր, որ հարգելի հյուրը նստեր նրա վրա։ Երբ տան տերը հրավիրեց նստել, հարգելի հյուրը կանգ առեց գեղեցիկ դիվանի առջև և, մի տեսակ զարմացական հայացք ձգելով նրա վրա, արտասանեց այդ խոսքերը.

— Մեր տեր Հիսուս քրիստոսը Բեթղեհեմի մսուրի մեջ ծնվեցավ և առաջին անգամ աղքատ, խղճուկ հովիվների հետ տեսնվեցավ: