Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործված էր նույնպես կոշտ մազից, բայց նրա հյուսվածքի մեջ փայլում էին հազարավոր մանրիկ ասեղիկներ, որոնք իրանց սուր ծայրերը դարձրել էին դեպի այն կողմը, որ պիտի շոշափվեր մարմնի կաշու հետ։

— Դա կոչվում է «զգաստության շապիկ», — սկսեց բացատրել երիտասարդը, — դա արթնության մեջ է պահում մարդուն։ Դա տանջում է մարմինը և զորություն է տալիս հոգուն։ Մեր վանքի՝ բոլոր աբեղաները այս տեսակ շապիկներ են հագնում։

— Այդ սարսափելի է,— բացականչեց տիկինը։— Ուրեմն նա հիմա էլ հագած ունի։

— Այո՛։ — Ես էլ նույն տեսակ ունեմ հագած։

Երիտասարդը, յուր օձիքը բաց անելով, ցույց տվեց յուր «զգաստության շապիկը»։ Տիկինը սոսկաց։

Մյուս օրը, առավոտյան պահուն, այդ տան մեջ կատարվեցավ մի հանդիսավոր մաղթանք։ Հայր սուրբը ջուր օրհնեց մի խաչով, որի մեջ, ինչպես հավատացնում էր, ամփոփված էր «կենաց փայտի» մի մասը։ Ջրօրհնութան միջոցին կարդացվեցավ ավետարան, երդվեցան զանազան հոգևոր երգեր։

Ամբողջ ընտանիքը, ծառաները, աղախինները և հարևաններից շատերը հավաքված էին ընդարձակ դահլիճում, ուր կատարվում էր այդ հոգևոր ծիսակատարությունը։ Հայր սուրբը օրհնած ջուրը սրսկեց հանդիսականների վրա, և, երբ վերջացրեց, նախ տան տիրուհին և նրա ամուսինը մոտեցան համբուրեցին խաչն ու ավետարանը, հետո նրանց որդիները, և ապա մնացած բազմությունը, բոլորը համբուրեցին և օրհնություն առին։

Երբ ամեն ինչ վերջացած էր, օտարները հեռացան, դահլիճում մնացին միայն տանեցիքը։ Հայր սուրբի կառքը արդեն սպասում էր դռանը, նա շտապում էր ճանապարհ ընկնել։ Բայց տան տիկինը խնդրեց, որ մի փոքրիկ նախաճաշիկ անեն և հետո ճանապարհ ընկնեն։ Հայր սուրբը հարգեց նրա խնդիրքը։

Նախաճաշիկից հետո, երբ խմում էին վերջին բաժակները և ցանկանում էին հայր սուրբին հաջողություն ու բարի ճանապարհ, մոտեցավ տան տերը, և կրկին անգամ համբուրելով հարգելի հյուրի աջը, տվեց նրան մի հասս, ծրար՝ ասելով.

— Համարեցեք այս փոքրիկ նվերը որպես այրի կնոջ լուման։ Ես քրիստոնեական պարտավորություն եմ համարում իմ կարողության չափով մասնակից լինել այն օժանդակությանը, որ նպատակ ունի թեթևացնելու Երուսաղեմի սուրբ տաճարի պետքերը։

Ծրարի մեջ կար 5000 ռուբլի արծաթ։