Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսած չէր։ Մենք ունեինք մեզ հետ ամեն տեսակ նյութեր, որոնցից պատրաստում էինք հարկավոր եղած իրեղենները։ Այդ աշխատությունները կատարում էինք մենք գիշերով, և այնպիսի խուլ անկյուններում, որ ոչ ոք մեր արհեստի մասին կասկած ունենալ չէր կարող։ Ես սովորել էի շինել գեղեցիկ սադաֆե խաչեր և ձիթապտուղի կորիզներից «տեր-ողորմյաներ»։ Մեր աբիսինիացի խափշիկը գիտեր պատրաստել օրհնության թղթեր և զարդարել նրանց զանազան խորհրդավոր նկարներով։ Այդ պարոնը, որ ճանապարհորդության ժամանակ կառապանի պաշտոն էր կատարում, իսկապես աբիսինիացի չէր, նա նույնպես «խաչագողս էր, բայց երեսի մուգ-դեղին կաշին և դեմքի գծագրությունը փոքր-ինչ աբիսինիացու նման լինելով, քավոր Պետրոսը պահում էր յուր մոտ իբրև մի ցույց։

Ինքը քավոր Պետրոսը գիտեր պատրաստել «քավության պատանքներ»։ Այսպիսի պատանքներ, ճշմարիտ է, պատրաստվում են Երուսաղեմի վանքում և միաբանությունը մի-մի հատ ընծայում է այն ուխտավորներին, որոնք մի նշանավոր քանակությամբ նվերներ էին տված վանքի գանձարանին։ Իսկ մերը իսկականըչշէր, մեր ունեցածը մեր ձեռագործն էր։ Բայց այնքան ճշտությամբ նմանեցրած էր իսկականին, որ կարող էր գրավել ամեն մի մոլեռանդի սնահավատությունը։ Այն սպիտակ կտավի վրա տպված էին գույնզգույն ներկերով փրկչի մարդեղության խորհրդի բոլոր նկարագիրները. նրա ծնունդը, մկրտությունը, խաչելությունը, հարությունը և այլն։ Բացի դրանցից, կային նրա վրա զանազան սուրբերի, հրեշտակների և հրեշտակապետների պատկերներ։

Մեր արհեստի ճյուղերից մեկն էր պատրաստել այդպիսի պատանքներ։ Կտավը և ներկերը կարելի էր ամեն տեղ գտնել, իսկ փայտի վրա փորագրած պատկերները մեզ հետ ունեինք։ Շատ գիշերներ անց էինք կացնում պատանքներ, խաչեր, «տեր-ողորմյաներս և այլ դրանց նման իրեղեններ պատրաստելով։ Եվ այդ բոլորը Երուսաղեմի վանքի անունով վճարելով, մեծ վաստակ էր բերում մեզ։

Այս րոպեիս էլ, այդ տողերը գրելու ժամանակ, սարսափում եմ ես, իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ մեր կատարած չարագործությունները։ Արդյոք, ո՜ր աստիճան բարոյապես ընկած էինք մենք, որքան մեծ էր մեր մեջ անպատկառ անզգայությունը, որ համարձակվում էինք կրոնը, եկեղեցու սրբությունները մեր խաբեբայությունների, մեր շահասիրության առարկա դարձնել...։