Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտածմունքներ... նա ժպտում է... նա համբուրում է պատկերը... և ապա թաքցնում յուր խորհրդավոր պահարանի մեջ։

Նա նստում է գրասեղանի հանդեպ, առնում է մի գիրք և կամենում է զբաղվել ընթերցանությամբ։ Մի քանի րոպե նրա գեղեցիկ աչքերը վազում են տպած տողերի վրայից։ Հանկարծ փողոցից լսվում է մի կառքի ձայն։ Նա ձգում է գիրքը և վազում լուսամուտի հանդեպ։ Նայում է՝ եթե անցնողը մի ծերունի աստիճանավոր է կամ մի վաճառական յուր յուղոտ ֆուրաշկով և սև կաբայով, ձեռքով մեջքին կնքում է նրա ետևից և երեսի վրա մի քանի արհամարհական ծամածռություններ գործելով, տհաճությամբ վերադառնում է յուր տեղը։ Իսկ եթե անց կենողը մանկահասակ երիտասարդ է, փառավոր հագնված և վայելուչ կերպով թեք ընկած կառքի մեջ, յուր վարդագույն շրթունքներով բռնած բարակ պապիրոսը,— նա կանգնում է, նա երկար ու երկար նայում է նրա վրա, մինչև կառքը հեռանալով բոլորովին անհետանում է։

Նա այլևս չէ հեռանում նվիրական լուսամուտից։

Նա տեսավ, որ մոր հետ անցնում է մի մանուկ օրիորդ, գեղեցիկ հագնված, երերուն քայլերով, նրա հագուստի՝ ոչխարի դմակի նման ուռուցավոր ձևը հիանալի պճրանք էր տալիս նրա ընթացքին։ Օրիորդ Սոֆիին դյուր էր գալիս մի այդպիսի արհեստական ձևը։ Նա վազում է դահլիճը, մոտենում է հայելուն, փորձում է ինքը ևս մի այնպիսի ձև տալ յուր իրանին։ Նա կորանում է... Մի քանի անգամ անցուդարձ է անում հայելու առջև։ Ուրախանում է... ժպտում է նա... «Այսպես լավ է», ասում է նա յուր մտքում, և կարծես թե ինքը յուր վրա սիրահարվում է...։

Նա դարձյալ դիմում է դեպի նվիրական լուսամուտը։

Անցնում է մի այլ օրիորդ, որի հագուստի գույնը և ծալվածույքը յուրի նման չեն, նրանք բոլորովին այլ ձև ունին։ Հավանում է այդ՝ օրիորդ Սոֆին և հետաքրքրվում է գիտենալ, թե այդ ո՞ր մագազինում է կարված։ Եվ միևնույն րոպեին ափսոսում է նա, թե ինչու ինքը ևս այնպես չէ կարել տվել։

Կամ թե տեսնում է նա մի օրիորդ, որի շագանակագույն գիսակը խիստ թանձր է կամ նրա աչքերը բաց երկնագույն են և կամ դեմքը խիստ գունատ է. դրանք նույնպես գրավում են նրան, և նա տխրում է, թե ինչո՞ւ յուր թշերը վարդի գույն ունին, կամ յուր աչքերը սևորակ են, և գլխի գիսակը սև սաթի նման, բայց ոչ այնքան թանձր, որպես այն օրիորդինը, չմտածելով, որ նրա գիսակի մեջ մի թաթման կեղծծամ է դրած։