Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց այդ միակ մխիթարությունից, մանավանդ երբ նրանց էլ հրավիրում են խմել իրանց հետ։

Իսկ այդ զվարճությունները այն աքսորականների համար են միայն, որոնք ունեն իրանց հետ փոքրիշատե արծաթ։ Երևում էր, որ իմ ընկեր խաչագողները զուրկ չէին արծաթից. ամեն տեղ գնում էին ծխախոտ, սպիտակ հաց, ուտելիքներ և արաղ։ Այդ բարիքներից նրանք մասն էին հանում մյուս աղքատ դատապարտյալներին, և այդ պատճառով խումբի մեջ խաչագողները վայելում էին մի առանձին հարգանք։

Բայց ինձ խիստ անհաճո էր թվում նրանց մինչև հանդգնության հասցրած անհոգությունը։ Ես զայրանում էի, երբ նկատում էի, որ նրանք առ ոչինչ էին համարում իրանց գրության բոլոր զարհուրանքը։ Մարդիկ, որ կորցնում էին հայրենիք և ընտանիք, մարդիկ, որ իրանց տների մեջ անբախտ կին և անտեր զավակներ ունեին, մարդիկ, որ հավիտյան զրկվում էին այն բոլորից, որ միշտ սիրելի էր եղել իրանց,— այդպիսի թշվառ մարդիկ, դեռևս սիրտ ունեին զվարճանալու, դեռևս նրանց երեսը ծիծաղում էր։

Մենք գիշերները ավելի ազատ էինք լինում միմյանց հետ խոսելու և խորհրդակցելու, երբ անասունների նման ածում էին մեզ մի սենյակի մեջ և դռները կողպում էին։ Բայց իմ ընկեր խաչագողները վաղուց արդեն սկսել էին ինձ հետ բավական սառն կերպով վարվել, երևում էր, որ վստահություն չունեին դեպի ինձ և ամենայն ծածկամտությամբ աշխատում էին թաքցնել ինձանից մի գաղտնիք։ Ես էլ իմ կողմից ամենևին հետաքրքիր չէի լինում խորամուխ լինել նրանց խորհուրդների մեջ։

Այդ սառնությունը սկսվեցավ մեր մեջ այն օրից, երբ իմ երիտասարդ ընկերներից մեկը հայտնեց ինձ քավոր Պետրոսի ամբողջ ծրագիրը, թե ո՛րպիսի հնարներ էր նախապատրաստել նա, որ կես ճանապարհից փախցներ յուր աքսորական ընկերներին։ Ես այն ժամանակ մերժեցի երիտասարդի առաջարկությունը, վճռական կերպով պատասխանելով, թե ամենևին չի պիտի մասնակցեմ նրանց ձեռնարկության մեջ, և ավելացրի, թե լավ է ինձ հանքերում մաշվել և համբերությամբ սպասել իմ ճակատագրի վախճանին, քան թե ազատություն գտնել քավոր Պետրոսի ձեռքով։

Այն օրից անցել էին երկու ամբողջ ամիսներ։

Մի գիշեր նույն երիտասարդը մոտեցավ ինձ։

— Մուրադ,— ասաց նա,— դու դարձյա՞լ միտքդ չես փոխել։

— Ի՞նչ բանի համար,— հարցրի ես։