Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/536

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր նա։ Բայց նա յուր մասին ոչինչ չէր խոսում, և միշտ տխրությունը պատում էր նրա դեմքը, երբ խոսքը վերաբերում էր յուր անձին։ Ինձ ասացին, թե նա եղել է մի նշանավոր ավազակապետ։ Հենց որ այդ իմացա, սկզբում իմ մեջ ծագեց սաստիկ հակակրություն դեպի այդ մարդը։ Ավազակը յուր գործունեությամբ շատ չէ զանազանվում խաչագողներից։ Իսկ խաչագողներին ես ատում էի։ Բայց իմ հակակրությունը հետզհետե անհետացավ, երբ ավելի մոտ ծանոթացա նրա հետ։

Ավազակապետը բնիկ պարսկաստանցի էր, Ատրպատականի կողմերից։ Հայրենակցությունը առաջին բարեկամական կապը եղավ իմ և նրա մեջ։ Բայց երբ իմացա, որ նա ազգով հայ էր, բոլորովին կապվեցա նրա հետ։

Մի գիշեր, երբ երկար թախանձեցի նրան, հոժարեցավ հաղորդել ինձ յուր կյանքի պատմությունը։ Նա սկսեց այսպես.

«Ինձ կոչում են Ջալլադ․ դա իմ իսկական անունը չէ․ դա իմ մականունն է, որ նշանակում է դահիճ: Այդ մականունը ստացա ես ոչ թե նրա համար, որ դահճի պաշտոն եմ կատարել, այլ նրա համար, որ շատ արյուն եմ թափել, բայց ոչ անմեղ արյուն․․․։ Իմ հայրը Ղարադաղ գավառի հայ մելիքի տնտեսն էր։ Մելիքը չափազանց հավատարմություն ուներ դեպի նա և համարյա յուր տնտեսական բոլոր գործերը հանձնել էր նրան։ Մելիքը միշտ պարսից խաների հետ կյանք վարելով, ընդունել էր նրանց շատ սովորությունները։ Նրա ընտանեկան կյանքը, բարքը, վարքը կատարյալ պարսկական էր, պակաս էր հարեմը միայն, պակաս էին սևամորթ ստրուկներ և ներքինի ծառաներ, որ նրա տունը մահմեդական ընտանիքի ճիշտ կերպարանքը ստանար։

Շատ անգամ պատահում էր, որ հայրս մի որևիցե բան էր գնում մելիքի տան համար և տալիս էր ինձ՝ տանել այնտեղ։ Ես ավելի ուրախությամբ էի կատարում հորս պատվերը, երբ մի բան պետք էր տանել մելիքի կանանոցը։ Ամեն անգամ, այնտեղ մտնելու ժամանակ, մելիքի աղջիկները, աղախինները շրջապատում էին ինձ, «Ի՞նչ ես բերել» հարցնում էին, և ամեն կողմից վրա պրծնելով, սկսում էին խլխլել իմ տարած փարչաները։ Իսկ երբ իմ տարած բաները աղջիկներին չէին պատկանում, նրանք հանաքներ էին անում, ծիծաղում էին իմ վրա, ջիգրացնում էին ինձ, իսկ ես ամոթից քրտնած, կարմրած, հեռանում էի նրանցից։ Ես թեև արդեն հասակ առած պատանի էի, բայց ինձանից չէին քաշվում, ինձ վրա նայում էին որպես տան տղայի վրա։