Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր արգելանոցի նեղ լուսամուտներից, այդ ժամանակ դռները բացվեցան, և պահապանների կոպիտ ձայնը ընդհատեց հետաքրքիր պատմությունը։ Մեզ խումբով դուրս քշեցին դեպի հանքերը աշխատելու։

Ավազակապետը ամբողջ օրը լուռ էր, նրա քաջազնական դեմքը պատած էր մի խորհրդական մռայլով։ Ես անհամբերությամբ սպասում էի գիշերին, որ լսեմ նրա պատմության շարունակությունը։

Բայց ինձ ավելի զարմացնում էր նրա անձնավորությունը. այդ անունը՝ «ավազակապետ», ամենևին սազ չէր գալիս նրան. նրա մեջ կային շատ գեղեցիկ հատկություններ. նա ուժեղ էր, որպես Հերքուլես, և մեծահոգի ու բարի էր, որպես մի ազնիվ հերոս։ Նա ոչ միայն ուներ մի առանձին սեր դեպի ինձ, այլ թշվառականների ամբողջ հասարակության վրա նայում էր խորին ցավակցությամբ։ Այդ պատճառով բոլորը հարգում էին նրան։

Ավազակապետը անկիրթ ևս չէր. նրա բավական մշակված լեզուն և առողջ դատողությունները ցույց էին տալիս, թե ինքը գրագետ ոմն էր։ Ո՞րտեղից պետք է ուսած լիներ, երբ նրա ժամանակ Ղարադաղում չկար ոչ մի դպրոց։ Այդ հարցին պատասխանեց նա, թե յուր պատանեկության ժամանակ հայրը ուղարկեց նրան Տաթևի վանքը, ուր մնաց նա ամբողջ վեց տարի։ Այդ վանքում մեծ հռչակ էր ստացել մի վարդապետ որպես քաջ հայկաբան, ճարտասան և աստվածաբան։ Նրա մոտ ուղարկում էին ղարադաղցիք իրանց զավակներին։ Նրա աշակերտների թվում ուսանում էր և ինքը։

Այնօր աշխատությունից արձակեցին մեզ սովորականից խիստ վաղ, որովհետև հետևյալ օրը տոն էր։ Մենք խումբով անցնում էինք մեծ փողոցի միջով, որի երկու կողմերում միմյանց մոտ շարված էին փոքրիկ խանութներ։ Այդ խանութներում ծախվում էին ըստ մեծի մասին այնպիսի վաճառքներ, որ պետք էին աքսորականներին, զինվորներին, տեղային պաշտոնատարներին, հանքային արհեստավորներին, վարպետներին և այլ ծառայողներին։ Մանրավաճառների խանութների շարքում կային դարբնոցներ, հացթուխներ, դերձակներ, գինետներ, խոհարաններ և ուրիշ պիտույքների կրպակներ։

Փողոցը լիքն էր մարզիկներով։ Հետևյալ օրվա տոնի համար ամեն ոք գնում էր ինչ որ իրան պետք էր։ Բայց իմ ուշադրությունը գրավեց մի մուրացկան, որ մի խանութից մյուսը անցնելով, ողորմություն էր խնդրում։ Հնացած, պատառոտած, կիսակարկատ