Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այցելել ճգնավորի մոտ։ Մենք գտանք նրան յուր ձեռքով ապառաժի մեջ փորած մի քարանձավում, ուր նա ապրում էր, ուր սովորություն ուներ աղոթելու և յուր անձը զանազան ճգնություններով տանջելու։ Այնտեղ տարավ մեզ վանքի աբեղաներից մեկը։ Ճգնավորը այդ միջոցին աղոթքով զբաղված չէր, այլ նստած էր յուր խոցի մեջ, բոլորովին մերկ քարահատակի վրա, և թևքի արմունկը դնելով մի քարի կտորի վրա, որ նրան բարձի տեղ էր ծառայում, ձեռքը նեցուկ էր տված գլխին, և կիսաթեք դրության մեջ, նրա բաց աչքերը անշարժ հառած էին դեպի քարանձավի առաստաղը։ Այդ դրության մեջ, կարծես նրա միտքը վերասլացել էր դեպի երկինքը և տիրել էր նրան խորին, սրբազան հափշտակություն։ Այնպես որ, նա ամենևին չզգաց, երբ մայրս մոտեցավ և համ բուրեց նրա հագուստի քղանցքը։

Հագուստը խիստ պարզ էր. կոշտ մազից գործված սև բաճկոնը իջնում էր մինչև ոտները, մեջքը պնդած էր նույնպես մազե սև չվանով։ Տրեխներ կամ հողաթափներ չէր հագնում, բոբիկ ոտներով էր ման գալիս։ Գլուխը բաց էր, բայց չկտրված և չսանրված մազերը այնքան երկարացել և աճել էին, որ պահպանում էին նրա գագաթը թե՛ ցրտից և թե' արևի տոթից։ Խճճված մորուքը խառնվել էր գլխի մազերի հետ և տալիս էր նրա դեմքին ահռելի կերպարանքս երեսը գունաթափ և հիվանդոտ էր։

Տեսնելով, որ ճգնավորը ոչ շարժվում է, ոչ խոսում է, ոչ փոխում է յուր նստվածքի ձևը, մենք կարծեցինք, թե նա քնած է, բայց աբեղան ասաց.

— Նա քնած չէ, տեսնո՞ւմ եք, աչքերը բաց են, միայն հոգով բարձրացել է երկինքը։

Մայրս խնդրեց, թե կցանկանար, որ ճգնավորը տեսներ նրան Աբեղան պատասխանեց.

— Մենք, մեղավոր ադամորդիներս տեսնում ենք աչքերով, բայց նա տեսնում է հոգով։

Հետո աբեղան խորհուրդ տվեց մորս, որ մոտենա ճգնավորին, գոնե միայն նրա հագուստի դրոշակը, և նա կասե, ինչ որ ոգիները կներշնչեն նրան։ Ես օգնեցի մորս մոտենալ, նա կատարեց աբեղայի պատվերը։ Սույն րոպեում ճգնավորը մի անսովոր շարժում գործեց և, չփոխելով յուր առաջվա դրությունը, արտասանեց մի քանի անկապ խոսքեր.

«Խնկի ծառը բուսել է... գլխին պսակ հյուսել է... տասներկու