Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արևը մտավ։ Երեկոյան վերջալույսը հետզհետե զրկվում էր յուր պարզ-ծիրանի շառավիղներից։ Սարերի գագաթները պատած էին սպիտակ ձյունափայլ մշուշով, որը միախառնվելով երկնքի կապուտակության հետ, ներկայացնում էր անսահման մանիշակագույն օվկիանոս, որի մեջ լեռների ալիքավոր բարձրությունները ձևացնում էին սքանչելի տեսարան։ Օրիորդը բնություն սիրող էր։ Ես նկատեցի՝ նույն ժամուն հափշտակված էր նա խորին հիացմունքով, և նրա խոշոր աչքերը մի առանձին ոգևորությամբ նայում էին դեպի գեղեցիկ լեռնային տարածությունը։ Ես նստած էի նրա մոտ։ Նա դարձավ ինձ այս խոսքերով.

— Նայի՜ր այն նեղ հովտին, որ հազիվ երևում է թափանցիկ մառախուղի միջից. նայի՛ր այն բաց֊կանաչազարդ խոտերին, որ պատել են նրա սիրուն տափարակը. տե՛ս այն վտակը, ինչպես շուտով վազում է դեպի ձորը, ականջ դիր, ո՛րքան քաղցր է լսվում նորա ձայնը։ Ա՜խ, որքան գեղեցիկ է այդ բոլորը։ Այնտեղ երևում են հովիվների տաղավարներ։ Տե՛ս, ոչխարները վերադառնում են արոտից. ես լսում եմ նրանց ձայնը։ Ահա խմբվեցին նրանք տաղավարների շուրջը։ Կնիկները դուրս եկան կթելու նրանց, փոքրիկ գառները, փոքրիկ ուլերը կռվում են կթողների հետ, թե ի՛նչու են խլում իրանց սնունդը։ Բայց նրանց մայրերը այնքան առատ են, որ բավականություն են տալիս՝ թե նրանց տերերին և թե իրանց ձագերին։ Գնանք այդ հովիվների մոտ և վայելենք նրանց հյուրասիրությունը։

Հովիտը, որ այնքան ոգևորությամբ նկարագրում էր օրիորդը, շատ հեռու չէր մեր նստած տեղից։ Երեկոյան մթությունը սկսել էր թանձրանալ։ Շարունակել մեր ճանապարհորդությունը չէինք կարող, որովհետև թե մենք և թե մեր անասունները սաստիկ հոգնած էինք։ Պետք էր մի օթևան գիշերելու համար։ Բայց նախքան այդ հովիվների մոտ հյուրասիրություն խնդրելը, հարկավոր էր տեղեկանալ, թե նրանք ինչ տեսակ մարդիկ են։ Այդ մտքով ես մոտեցա մեր ջորեպանին, որ մեղունից փոքր֊ինչ հեռու արածացնում էր յուր անասունները։

Ջորեպանի տված տեղեկությունները հովիվների մասին խիստ նպաստավոր էին։ Այդ խաշնարածները եկած էին Ղափանի կողմերից, ազգով հայ էին և հայտնի էին իրանց քաջությամբ։ Այստեղ ժամանակավորապես զետեղվել էին նրանք՝ ամառը անցկացնելու և իրանց անասունները արածացնելու համար։ Վերջացնելով յուր խոսքերը, ջորեպանը խորհուրդ տվեց նրանց մոտ գնալ և ավելի