Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/582

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա սարքում են այս տեսակ կռիվներ։ Բազմությունը հավաքվում է, մարդիկ խառնվում են միմյանց, իսկ նրանք, օգուտ քաղելով ընդհանուր շփոթությունից, գողանում են սրա ու նրա ժամացույցը, կամ շատ անգամ կողոպտում են հենց իրանց բաժանողների գրպանները։ Այդ մարդը նույնպես ձեռքը տարավ իմ գրպանը, բայց այնտեղից ոչինչ չգողացավ, և գողանալու բան էլ չկար, բայց զգացի, որ մի բան դրեց այնտեղ։ Առանց նայելու, ես գիտեի, թե ի՛նչ պետք է լիներ այդ։ Դա միևնույն անձնավորությունն էր, որ մի քանի շաբաթ առաջ մուրացկանի կերպարանքով մոտեցավ մեր խումբին և բաժանեց մեզ յուր հավաքած դրոշները։ Այն ժամանակ, երկու հինգ կոպեկանոցների մեջ թաքցրած, տվեց ինձ յուր խորհրդավոր տոմսակը։ Այժմ միևնույն անձնավորությունը, այդ հնարքով մոտենալով ինձ, դրեց իմ գրպանում մի այլ տոմսակ։ Իհարկե, ոչ ոք չհասկացավ նրա խորամանկությունը, և նա այն աստիճան կերպարանափոխ էր եղած, որ մինչև անգամ ավազակապետը չճանաչեց, որ այդ մարդը միևնույն ծպտյալ մուրացկանն էր։

Երբ հեռացանք, ձեռքս տարա գրպանս, տեսա, որ իմ ենթադրությունը սխալ չէր. այնտեղ կար մի թղթի կտոր։ Առանց կարդալու, արդեն ինձ հայտնի էր նրա բովանդակութունը, այսուամենայնիվ, գիշերը միջոց գտա ծածուկ կարդալու։ Նրա մեջ շտապ ձեռքով գրված էին հետևյալ տողերը.

«Մուրա՛դ, մի շաբաթից հետո զատկի տոնն է։ Դու գիտես ի՛նչ դրության մեջ են լինում մարդիկ այդ տոնի օրերում։ Արաղը կհաջողեցնե մեր դիտավորությունը։ Ում հետ որ հարկավոր էր, ես կարգադրել եմ։ Քեզ բաց կթողնեն։ Դու կգտնես ինձ եղևնիների փոքրիկ անտառում, Կարմիր բլուրի մոտ։ Այնտեղ ամեն ինչ պատրաստ կգտնես քո փախուստի համար։

Պետրոս

է

ԻՄ ՆՈՐ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ

Մոտեցան զատկի տոները։ Մեզ այլևս չէին աշխատեցնում, մեզ թույլ էին տալիս փոքրիկ զվարճություններ անել, մեզ թույլ էին տալիս և մեր հոգիների մասին մտածել, աղոթք կարդալ, խոստովանել, հաղորդվել և այլն։ Իհարկե, այդ բոլորը կատարվում էր զինվորների հսկողության ներքո։