Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/590

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավ ապրի»։ Ես այժմ հասկանում էի, թե ո՛ր աստիճան անբարոյական նշանակություն ունեին այդ խոսքերը, թե ո՛րքան վնասակար էին նրանք։ Դիցուք թե, ես իմ անձի բարօրության համար ոչնչացնեի մի ուրիշին, ինձանից ավելի տկարին. չէ՞ որ կգտնվեր մեկը, ինձանից ավելի զորեղը, նա էլ յուր բարօրության համար ինձ կոչնչացներ, և այսպես, զորեղը անզորին սպառելով, մարդկային հասարակության մեջ կտիրեր ընդհանուր ամայություն, ընդհանուր դժբախտություն։

Համրը միշտ յուր խոսքերի մեջ օրինակ էր առնում իմ անձը, կարծես ես ամբողջ մարդկության ներկայացուցիչը լինեի։ Ասում էր, քո անձը քեզ ավելի մոտ է, դու նրա հետ ավելի ծանոթ ես, և քո անձի օրինակով կարող ես դատել բոլոր մարդերի վրա։ Ինձ երևում էր, որ ես գրավել էի նրա ուշադրությունը։ Նա որքան սառն էր, որքան ծածկամիտ էր դեպի յուր ընկերները, այնքան եռանդոտ կերպով սկսեց հոգ տանել իմ զարգացման վրա։ Մի անգամ ասաց ինձ։

— Մուրադ, դու այժմ գիտես (նա հիմա ինձ հետ դու-ով էր խոսում), թե ի՛նչն է պատճառը, որ մարդիկ անբարոյական և միևնույն ժամանակ անբախտ են դառնում. դու գիտես նաև, որ մի մարդու անբախտության պատճառները հասկանալու համար պետք է ծանոթանաս նրա կյանքի պատմության հետ։ Եվ այսպես, մի ամբողջ ազգի անբախտության պատճառները հասկանալու համար պետք է նույնպես ծանոթանալ նրա պատմության հետ։ Որովհետև մի ազգ մարդկության մեջ նույն տեղն է բռնում, ինչ որ անհատը հասարակության մեջ։ Եվ նա ազգերի պատմությունից բացատրեց ինձ շատ կրթիչ բաներ։

Երկար նա խոսում էր կրոնքի, լեզվի և գրականության մասին, բացատրում էր, թե մի ազգի գրականությունը ի՛նչ ուղղություն կարող է տալ նրա կյանքին և գործունեությանը, բացատրում էր մեր նոր գրականության սխալ ընթացքը և նրա վնասակար ազդեցությունը ժողովրդի վրա։ Նրա ասածները ինձ այն աստիճան գրավեցին, որ ես վճռեցի, որքան կարելի է, լավ սովորել հայոց լեզուն։ Իմ լեզուն առաջ շատ կոշտ և ռամկական էր։ Թուրքերեն և պարսկերեն բառերով լի էր իմ խոսակցությունը։ Ես աշխատում էի այնուհետև բուն հայկական բառեր գործածել։ Ես շատ շուտ սովորեցի բառերը, օրինակ, մի գիշերվա մեջ սովորեցի այդ բոլոր բառերի նշանակությունը. անհատ, ընտանիք, ցեղ, ազգ, հայրենիք, պետություն, քաղաքակրթություն, լուսավորություն և ուրիշ շատ բառեր։