Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա ասում էր, որ այդ բառերի վրա ամբողջ գրքեր են գրված. բայց նա մի քանի խոսքերով բացատրում էր ինձ դրանց իմաստը։ Ափսո՜ս, որ թույլ չէր տրված մեզ մոտ գիրք, թուղթ, գրիչ ունենալ, թե չէ, ևս շատ բան կսովորեի նրանից։

«Գիտությունը և ուսումը միայն միջոցներ են մի ժողովրդի հմար հասնել բարօրության, բայց ոչ բարօրության առարկան»,— ասում էր նա և սկսում էր բացատրել, թե ուրիշ ի՛նչ պայմանների մեջ պետք է դրված լինի ժողովրդի կյանքը, որ կարողանա լինել նա բախտավոր։ Երկար ու երկար խոսում էր հողի ու նրա մշակության պայմանների մասին, արհեստների կատարելագործության մասին, դրամատերերի գործունեության մասին և այլն։ Աշխատանքը նա ավելի բարձր էր դասում, քան ամեն ինչ։ «Աշխատանքը կյանք է, ասում էր նա, իսկ անգործությունը մեռելություն»։

Նրա խոսակցությունը այնքան հաճելի էր, որ ես ժամերով լսում էի նրան և չէի կշտանում։ Ոչ մի անմիտ բառ չէր դուրս թռչում նրա բերանից։ Նա գիտեր խիստ լուրջ և խորին կերպով վերաբերվել դեպի ամեն մի հարց։ Ես իմ կյանքում առաջին անգամ տեսնում էի մի այնպիսի երիտասարդ, որը անսահման բարության հետ ուներ և հմտությունների մեծ պաշար։ Նա գիտեր մի քանի եվրոպական և ասիական լեզուներ և, որքան ասես, խելացի մարդ էր։

Իր մասին նա ոչինչ չէր խոսում։ Մի քանի անգամ հետաքրքրվեցա նրա անցյալով, բայց ստանում էի միշտ անորոշ պատասխաններ։

— Դուք բարի և ազնիվ մարդ եք,— մի օր ասեցի նրան,— դուք չէիք կարող ինձ նման եղեռնագործ լինել, պատմեցեք, խնդրեմ, ի՞նչ հանցանքի համար աքսորեցին ձեզ։

— Այդ մի՛ հարցրեք․․․,— պատասխանեց նա ոչ սակավ հուզված կերպով։

— Գոնե ասեցեք, դուք ո՞վ եք և ո՞ր տեղացի։

— Այդ ևս մի՛ հարցրեք...։

Ո՞րպիսի տխուր գաղտնիք էր թաքնված այն անբախտ երիտասարդի ճակատագրի մեջ։ Ինչ էլ որ լիներ, ես համոզված էի, որ նա ազնիվ մարդ էր, և նրա բարեկամությունը ինձ համար մեծ մխիթարություն էի համարում։ Այդ էր պատճառը, որ քավոր Պետրոսի երկրորդ նամակը ստանալուց հետո ես ամենևին չէի մտածում օգուտ քաղել նրա օգնությունից և նրա ձեռքով ազատություն գտնել։ Եկավ զատիկը, անցան զատկի տոները, բայց ես ամենևին