Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չգնացի եղևնիների անտառը, Կարմիր բլուրի մոտ։ Նա, որ ինձ մոլորեցրել էր, նա, որ ինձ ցույց էր տվել չար գործի չար ճանապարհները, այժմ աշխատում էր փրկել ինձ։ Բայց ինձ պետք չէ փրկությունը նրա ձեռքից ընդունել։ Ես արդեն բարոյապես ինձ փրկված էի համարում, սկսյալ այն օրից, որ իմ նոր դաստիարակի շնորհիվ մկրտվեցա կրթության նոր ավազանի մեջ։ Ես իմ շղթաների մեջ իմ անձը բախտավոր էի համարում, որ միշտ կարող էի տեսնել նրան, միշտ կարող էի վայելել նրա բարեկամությունը և լսել նրա իմաստալից խրատները։


Ավազակապետի պատմությունը ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց։ Նա սիրել էր մեկին, նրան նվիրել էր յուր անձը» յուր հոգեկան բոլոր քաղցր զգացմունքները։ Նրա սիրո առարկան այլևս չկար. բնակվում էր շատ հեռու, ոգիների աշխարհում։ Բայց այդ դժբախտ մարդը դեռ շարունակում էր սիրել նրան, դեռ նրան հիշելիս նրա այրական դեմքը մռայլվում էր տխրության թախիծներում։ Ես նույնպես սիրում էի մեկին, բայց իմ սիրո առարկան գուցե դեռ կենդանի էր, գուցե դեռ մտածում էր իմ վրա։ Այժմ ո՞րտեղ էր անհայր, անմայր, անտուն, անտեղ և անօգնական որբիկը․․․։ Ես շատ անգամ մտաբերում էի նրան և իմ սիրտը լցվում էր անշիջանելի կրակով։ Աչքերիս արտասուքը չէր զորում հանգցնելու այդ կրակը։ Դատապարտյալը մոռանում է ծնողներ, ազգականներ, բարեկամներ, մոռանում է յուր հայրենիքը, բայց սիրած կնոջ հիշատակը մնում է նրանից անբաժան։ Սիրած կնոջ կորուստը ավելի ծանրացնում է նրա շղթաները, ավելի զգալ է տալիս յուր թշվառ գրությունը...»

Առժամանակ Համրի բարեկամությունը ինձ մոռանալ տվեց Նենեին, և սիրելի աղջկա հիշատակը խիստ սակավ էր խավարենում իմ դժբախտ գրության րոպեները։ Բայց դա երկար չտևեց, ես կրկին անձնատուր եղա այն սովորական հոգեմաշ թախծությանը, որ Նենեից բաժանվելուց հետո մշտապես տանջում էր ինձ։ Մի անգամ Համրը գտավ ինձ այսպիսի տրամադրության մեջ։

— Ի՞նչ է պատահել քեզ հետ,— կարեկցությամբ հարցրեց նա։

Ես նրանից թեև ծածուկ ոչինչ չունեի, բայց իմ կյանքի բոլոր անցքերը նրան պատմելու ժամանակ ոչինչ չէի հիշել Նենեի մասին։ Այժմ ի՞նչպես կարող է թաքցնել նրանից իմ սիրտը և նրան մաշող ցավերը։ Ես պատմեցի նրան բոլորը, ինչ որ հայտնի է ձեզ Նենեի մասին, թե ո՛րպես գտա նրան անտառում այն րոպեում, երբ