Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրում էին նրան, սիրում էին հարազատ զավակի նման։ Տիկինը սովորություն ուներ ասել. «Դա առաջ մի թանկագին, բայց անտաշ քար էր․ ես ուրախ եմ, որ այդ դրության մեջ գտա դրան, որովհետև իմ ցանկացած թրաշը (գրան) և փայլը կարողացա տալ»։

Իսկ այն առավոտ ոչ սակավ վշտացավ նա, երբ, դուրս գալով մյուս սենյակը, գտավ օրիորդին պատուհանում նստած և լաց լինելիս։ Նա մոտեցավ և, փայփայելով նրա գեղեցիկ գլուխը, հարցրեց․

— Ի՞նչ է պատահել քեզ հետ, սիրելիս։

— Ոչինչ․․․,— պատասխանեց օրիորդը, վեր կացավ տեղից և սկսեց սրբել աչքերի արտասուքը։

— Դու քեզ վա՞տ ես զգում։

— Ոչ... գլուխս փոքր-ինչ ցավում է...։

Տիկինը գրկեց նրան ասելով,

— Հասկանում եմ․․․ խե՜ղճ աղջիկ, դու շա՛տ տանջվեցար, երկա՛ր համբերեցիր.․․ մի փոքր ևս համբերիր, այնուհետև վերջ կդրվի քո արտասուքին..․։

Թ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑ

Ավելի քան մի ամբողջ տարի անցել էր այն օրից, որ ես ծանոթացա Համրի հետ։ Այդ ժամանակամիջոցը պետք է իմ կյանքի ամենագեղեցիկ և ամենաբախտավոր մասը համարել։ Ես նրանից շատ բան սովորեցա. նրա ազդեցության ներքո ես բոլորովին ուրիշ մարդ դարձա։

Ես թեև բարոյապես և մտավորապես զարգանում էի, բայց իմ մարմնական զորությունները օրըստօրե թուլանում էին։ Տաժանական աշխատանքը հանքերի մեջ՝ իսպառ մաշել էր ինձ։ Ինձ տարան հիվանդանոց։

Հիվանդանոցը աքսորականի համար մի դուռն է, որտեղից բացվում է ճանապարհ դեպի գերեզման։ Եվ ես ուրախ կլինեի, եթե ինձ կվիճակվեր այդ ճանապարհով գնալ։ Կյանքը ձանձրացրել էր ինձ։

Կյանքը ձանձրալի է դառնում ավելի այն ժամանակ, երբ հասկանում ես նրա նպատակը և չես կարողանում ցանկացածդ կատարել։ Մինչև այն օր ես տգետ էի, ոչինչ չէի հասկանում, այդ պատճառով