Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարդալուց հետո նրան խորհուրդ են տալիս չտպագրել վեպը, այնուամենայնիվ, 1873 թվականին նա «Խաչագողի հիշատակարանը» օրագրում է տպագրել և մտցնում է «Փունջի» երրորդ հատորի մեջ։ Իսկ այնուհետև, 1874 թվականին ձեռնարկում է այդ հատորյակի (ուստի նաև վեպի) տպագրության առաջին փորձը։ Այս առիթով նա «Մշակում» տպագրում է մի հայտարարություն, որ «Գալոց տարվա հունվար ամսից սկսվելու է «Փունջի» երրորդ հատորի տպագրությունը», շարունակության մեջ Րաֆֆին դիմում է գնորդներին, որ «Փունջի» առաջին և երկրորդ հատորների վաճառքից գոյացած գումարը ուղարկեն հեղինակին, «որպեսզի «Փունջի» մնացած հատորների տպագրությունը շարունակվի» (տես «Մշակ», 1874 թ., № 50, էջ 4)։

Չնայած հեղինակի գործադրած համառ շանթերին, այնուամենայնիվ այս ձեռնարկումը ձախողվում է։ Ինչպես վերհիշում է Վ. Աղայանը, Րաֆֆու «Փունջերը» մնում են տպարանում փակված՝ «տպագրության վարձը չվճարելու համար և վերջը կշեռքով ծախվում են մանրուք փաթաթելու համար» (Ղ․ Աղայան, Երկեր, հատոր Դ., Երևան, 1950 թ., էջ 463)։

Վեպի տպագրության մասին հաջորդ տեղեկությանը հանդիպում ենք Փիլիպոս Վարդանյանին գրած նամակում։ 1876 թվականին վերջինս մտադրվելով Պետերբուրգում հրատարակել «Լումա» անունով պարբերականը, դիմում է Րաֆֆուն՝ խնդրելով նրան աշխատակցել ամսագրին։ Ընդունելով հրավերը, Րաֆֆին խոստանում է նրան ուղարկել «Խաչագողի հիշատակարանը»։ Այս նպատակով նա վերամշակում է վեպը և տալիս է գրագրին արտագրելու։ 1876 թվականի հոկտեմբերի 29-ին նա Փիլիպոս Վարդանյանին է ուղարկում «Խաչագողի հիշատակարանի» առաջին հատորի ձեռագիրը (բաղկացած 479 էջից)։ Ինչ ձևով են զարգանում հետագա դեպքերը, չգիտենք, սակայն մի բան պարզ է, որ կառավարությունը, իբրև անբարեհուս անձնավորություն, մերժում է Փիլիպոս Վարդանյանի «Լուման» հրատարակելու համար ներկայացրած խնդրանքը, և վեպի տպագրության գործը խափանվում է։

Վերջապես 1882 թվականի դեկտեմբերի 25-ին «Մշակի» ներքին լուրեր բաժնում կարդում ենք, որ խմբադրությունը սկսում է 240-րդ համարից «տպագրել Րաֆֆու վեպը «Խաչագողի հիշատակարան» վերնագրով։ «Վեպի սկզբում,— ասված է հայտարարության մեջ,— հեղինակը մի առաջաբանով բացատրում է խաչագողների պատմական ծագումը»։ «Մշակի» նույն տարվա 240-244-րդ համարներում մաս առ մաս տպագրվում է այս վեպը։ Վերջանալով տարին, վեպի շարունակությունը տպագրվում է հաջորդ 1883 թվականի 4-6, 8, 10-12, 14-18, 18-23, 28-30, 35-37, 39, 45-49, 58, 65-67, 76 և 77-րդ համարներում, և ապա ընդհատվում է։ Զուգահեռ դրան, միևնույն շարվածքից վեպը տպագրվում էր նաև առանձին գրքով։ Այդ օրերին, երբ գրքի տպագրությունը ընթացքի մեջ էր, Րաֆֆին իր մոսկովյան բարեկամ Մելքոն Կասպարիչին գրում է՝ ««Խաչագողի հիշատակարանը» նույնպես առանձին գրքով տպագրվում է, ցանկալի է գիտենալ, թե Մոսկվայի ընթերցողների վրա ինչ տպավորություն է գործում այս աշխատությունը»։ Այնուհետև նույն 1883 թվականի 26-ը փետրվարի թվակիր մի այլ նամակով Րաֆֆին շտապում է իր բարեկամին հայտնել, որ «Արդեն պատրաստ է «Խաչագողի հիշատակարանի» I և II մասերը առանձին գրքով, իսկ այդ աշխատության III և IV մասերը,— շարունակում է նա,— նույնպես առանձին գրքով կարտատպվի «Մշակից» (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հտ․ 10, Երևան 1959 թ․, էջ 589)։