Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/644

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևան, 1959 թ., էջ 593)։ Ահա այս էր պատճառը, որ նա ժամանակավորապես ստիպված է լինում լռել։ Բնութագրելով իր վիճակը, Րաֆֆին միևնույն նամակի շարունակության մեջ գրում է. «Մեր հակառակորդները, (նկատի ունի Հայկունուն) խոսում են, գրում են, իսկ մենք պատասխանել չենք կարողանում...»։

Հայկունին իր հոդվածներում չի սահմանափակվում անձնական վիրավորանքով։ Նա Րաֆֆուն մատնում է կառավարության ձեռքը, որպես Չևրնիշևսկու հետևորդի, որպես նրա մտքերը հայ իրականության մեջ տարածողի։ «Մեղվի մեջ մի շարք կեղտոտ կրիտիկաներ տպվեցին իմ աշխատությունների մասին,—գրում է Րաֆֆին իր մերձավոր բարեկամին,— որոնց մեջ մինչև անգամ ուղղակի մատնություններ կային» (տե՛ս նույն տեղում, էջ 599)։

Րաֆֆին վերոհիշյալ նկատառումներով չէր կարող և չպատասխանեց Հայկունուն։ Այդ բանը իր վրա է վերցնում «Մշակի» աշխատակից երիտասարդ Լեոն, հանդես գալով «Կրիտիկան մեր մամուլի մեջ» ընդարձակ հոդվածով (տե՛ս «Մշակ», 1883 թ., № 118-119)։ Երկար լռությունից հետո «Կայծերի» առիթով «Մշակում» հանդես է գալիս նաև Րաֆֆին Փավստոս ստորագրությամբ։ Հիմնականում խոսելով «Կայծերի» մասին նա խոստանում է պատեհ առիթով անդրադառնալ նաև «Խաչագողի հիշատակարանի» վերաբերյալ եղած քննադատությանը։

Ավելի ուշ, Րաֆֆու ստեղծագործությունների հասարակական-քաղաքական նշանակությունը ընդգծող, նրա դերը հայ գրականության մեջ ամրապնդող մի հոդվածով «Մասիս» շաբաթաթերթում հանդես է գալիս նաև Արփիար Արփիարյանը և Րաֆֆուն որակում որպես «ժողովրդի զգացմանցն ու գաղափարաց ճշմարիտ թարգման» (տե՛ս «Մասիս», 1884 թ., էջ 130)։ Արփիարյանը այդ հոդվածում անդրադառնում է նաև Րաֆֆու քննադատներին և հայտնում, որ Րաֆֆու մասին եղած ամենաընդարձակ քննադատությունն անգամ (նկատի ունի Հայկունու հոդվածները) «...ուրիշ բան չէր ներկայացնե մեզ, բայց եթե ատելության շունչ մը» (նույն տեղում, էջ 263)։

Րաֆֆու հեղինակության բարձրացումը արևմտահայ մամուլում, նրա «Խաչագողի հիշատակարան» և «Խամսայի մելիքությունները» վեպերի տպագրվելը «Արևելքում» ավելի է վրդովում առանց այն էլ գրգռված Հայկունուն, և նա չթաքցնելով իր վերաբերմունքը գրում է. «Մենք գոնյա չէինք ցանկանալ, որ «Խաչագողի հիշատակարանները» (նկատի ունի Րաֆֆու ստեղծագործությունները ընդհանրապես) տաճկահայերի մեջ ժողովրդականություն ունենա» (տե՛ս «Մեղու Հայաստանի», 1884 թ., էջ 78)։

«Խաչագողի հիշատակարանի» հիմնական գաղափարը հայ մշակ դասի տարալուծումն է և ազգային ազատագրության հարցը պարսկական բոնատիրական հասարակարգի պայմաններում։ «Խաչագողը,— գրում է Րաֆֆին,— ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդ է»։ Չարիքը ծնող արմատը տեսնելով գոյություն ունեցող կարգերում և որոշակիորեն դրսևորելով իր բացասական վերաբերմունքը այդ կարգերի ու կառավարողների հանդեպ, Րաֆֆին հարցնում է. «Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է միայն Պարսկաստանը արտադրեց խաչագողներ»։ Շարունակության մեջ նա եզրափակում է, որ խաչագողները պարսկական բռնակալության բնական արդյունքն են։

Մարդու ֆիզիկական և բարոյական անկման պատճառը Րաֆֆին տեսնում