Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բայց յուր այնտեղ կարճ կամ երկար մնալու մասին ասաց, որ այդ կախված է ինժեների բարեսրտությունից։

— Ես կաշխատեմ պատճառ չտալ ձեզ այստեղ երկար մնալու,— պատասխանեց ինժեները:

Ճանճուր Իվանիչը մինչև գետին երկրպագեց։

— Ասացեք, խնդրեմ, Սիմոն Յագորիչը գո՞հ է ինձնից,— հարցրեց ինժեները ծիծաղկոտ դեմքով։

— Ով որ ձեզնից գանգատի, կնշանակե, որ յուր աչքերիցն է գանգատում,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։— Դուք այնքան բարի եք, որ անկարելի է ձեզնից գոհ չլինել։ Սիմոն Յագորիչը ոչ միայն այստեղ է շատ անգամ ինձ հայտնել, որ շնորհակալ է ձեզնից, այլ այդ ամենի մասին գրել էր ինձ իմ Թիֆլիս եղած ժամանակ:

— Ոչ, ես մի այնպիսի բան չեմ արած, որ որևէ արժեք ունենար, բայց այսքանը դարձյալ բավական կլինի, եթե Սիմոն Յագորիչը ինձնից գանգատավոր չլինի։

— Нет, тот который маленький не знает и большой не знает,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը, կամենալով հայտնել թե նա, ով որ փոքր բարերարությունը չգիտե, մեծն էլ չէ կարող գիտենալ։

Կուզմինը ժպտաց։

— Ո՛րքան բարի մարդ եք, Ճանճուր Իվանիչ,— ասաց նա։

— Ես ամենայն կերպիվ պատրաստ եմ ձեզ ծառայելու,— կրկնեց Ճանճուր Իվանիչը։

— Այո՛, դուք բարի մարդ եք,— մյուս կողմից ասաց ինժեների կինը ուրախությամբ։

— Շնորհակալ եմ իմ մասին լավ համարում ունենալուդ համար,— դարձավ դեպի նա Ճանճուր Իվանիչը։— Խնդրեմ ասեք, արդյոք հավանեցա՞ք այն մատերիաները։

— Շատ լավն էին, շնորհակալ եմ,— պատասխանեց տիկինը:

— Բայց ես ձեզ հայտնում եմ այսուհետև ինչ որ ձեզ համար կամ երեխաների համար հարկավոր կլինի, ինձ գրեցեք, ես կառնեմ այնտեղից և կճամփեմ։

— Ոչ, հարկավոր չէ՛ ձեզ նեղություն տալ,— պատասխանեց տիկինը։

— Մայրի՛կ, խնդրեցե՛ք ինձ համար մի դերիացու նույն կտորից, որ ձեզ համար առել է,— մյուս կողմից խոսեց ինժեների մեծ դուստրը։

— Ա՜խ, ես մեղավոր եմ ձեզ մոտ,— բացականչեց Ճանճուր