Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջ ունենալով այն իրողությունը, թե ընդունում եք ձեր հավատարիմ բարեկամից ո՛չ թե իբրև կաշառք, այլ իբրև բարեկամական օգնության մի նշան, հուսով եմ, որ դուք չեք մերժիլ իմ խնդիրը:

— Խնդրեմ, Ճանճուր Իվանիչ,— կրկնեց Կուզմինը։— Դուք բռնաբարում եք իմ խղճմտանքս։

— Ես հուսով եմ, որ դուք այնքան բարի կլինեք, որ բոլորովին գոհունակ ճանապարհ կդնեք ինձ ձեր տանից։

Կուզմինը լռեց։

Նրա լռությունն արդեն նշան էր հաճության։ Ճանճուր Իվանիչը դրեց նրա գրպանը մի հաստ կապոց թղթադրամ։

Նրանք դուրս եկան սենյակից։

Սիմոն Յագորիչը մի անգամ հազաց, կամենալով այդ խորհրդավոր նշանով իմանա, հաջողվեցա՞վ թե ոչ։

Ճանճուր Իվանիչը երեք անգամ հազալով իմաց տվավ, թե գործը հաջողվեցավ։ Նրանք վեր կացան, կամենում էին գնալ։

— Ո՛չ, չի՛ կարելի այդպես շուտ,— ասաց Կուզմինը։

— Մնացեք ընթրիքի,— խնդրեց կինը։

— Այժմ ներեցեք, մյուս անգամ կգամ, երկար կխոսենք,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։

— Ուրեմն սպասեցեք, խնդրեմ, գոնե մի-մի բաժակ, պունշ,— ասաց ինժեները։

— Այդ բարի բան է,— պատասխանեց Ճանճուր Իվանիչը։

Ինժեների աղջիկը պատրաստեց երեք բաժակ պունշ ռոմով: Նրանք վեր առան բաժակները, իրար շրխկացրին և՝ «ձեր հրամանոց կենացը, ձեր հրամանոց կենացը» ասելով ու միմյանց գլուխ տալով՝ խմեցին։

Ճանճուր Իվանիչը ամենի ձեռքերը մին-մին սեղմեց, բարի գիշեր ասաց, համբուրեց երեխաների երեսը, որոնք բավական ընտելացել էին նրան, և նրանք հեռացան։

— Какой он славный человек!,— ասաց Կուզմինը նրանց գնալուց հետո:

— Да, очень благородный господин,— պատասխանեց կինը։

Դուրսը շատ մութն էր։ Նրանք խարխափելով էին գնում ցեխերի միջով, որ գոյացել էր նորեկ անձրևից։

— Հիմի հավանում ի՞ս իմ խիլքը,— ճանապարհին ասաց Սիմոն Յագորիչին Ճանճուր Իվանիչը։— Տեհա՞ր, ա՛յ էդպես կավսունին (կթռվեն) մարդու հա՛: