Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմնաց ուտելու։ Մոմը բոլորովին վառվելով՝ վերջապես հանգավ։ Կացարանի մեջ տիրեց խավար։ Նրանք քնեցին։

Բայց ճանճուր Իվանիչի և Սիմոն Յագորիչի փոխարեն մոծակները, ճպուռները, լվերը և այլ միջատներ այնուհետև սկսան տզվզալ և իրանց դիվային հարսանիքը կատարել։ Նրանք թեև իրանց խայթոցներով սկսան ծակռտել մեր պարոնների մարմինը և ծծել նրանց արյունը, բայց նրանք ոչինչ չէին զգում, այլ խորին թմրության մեջ մրափում էին։

ԺԵ

Մինչ Ճանճուր Իվանիչը յուր գործակատարի հետ պանդոկի կեղտոտ անկյունում, իրանց աղքատիկ քեֆն էին անում, Հացի-Գելենց տանը մի փառավոր գիշերային խնջույք էր սարքված։ 

Գեղեցիկ զարդարված դահլիճում վառվում էին զանազան ճրագները։ Ինքը օրիորդ Սոֆին, բոլորովին սպիտակ՝ փրփուրի նման թեթև հագուստով, ոսկի ապարանջաններով, ադամանդե քորոցը կրծքի վրա, խիստ շնորհալի կերպով ընդունում էր հյուրերին։

Շուտով դահլիճը լցվեցավ խայտաճամուկ բազմությամբ։ Նրանք ոչ միայն իրանց հագուստի ձևերով, այլև իրանց սովորություններով ու բնավորությամբ զանազանվում էին միմյանցից։Ննրանց մեջ կային աղջիկներ մոդնի հագնված, բաց գլուխներով, հոլանի բազուկներով և կիսաբաց կրծքով ու թիկունքով։ Նրանց մեջ կային աղջիկներ վրացի թասակրավիներով և բաց կրծքով ու բազուկներով։ Նրանց մեջ, որպես սև ագռավներ, գտնվում էին մի քանի թխազգեստ քաթիպավոր քալբատոնոներ, որոնց հրավխրել էր տիկին Բարբարեն։

Տղամարդիկ թվով ավելի սակավ էին, քան թե աղջիկները։ Այնտեղ պտտվում էին մի քանի բուլվարի շրջիկ ֆրանտներ, որոնք կոտրատվելով այս կամ այն օրիորդի հետ քչփչում էին, և մի քանի կարտուզավոր ու կարավոր վաճառականներ՝ տիկին Բարբարեի ազգականներից, որոնցից ամեն մինը նստած էր մի անկյունում աթոռի վրա. նրանք չէին շարժվում իրանց տեղից, կարծես թե մեխված լինեին աթոռին, միայն հեռվից իրանց աչքերը ճպճպացնելով, նախանձով դիտում էին, թե ի՛նչպես ֆրանտ երիտասարդները սեթեվեթում էին մատաղահաս օրիորդների հետ։

Օրիորդ Սոֆին թիթեռնիկի նման թռչկոտում էր այս կողմ և այն կողմ։ Նա ուրախությամբ դառնում էր մի աղջկանից դեպի մյուսը, նա դիմում էր դեպի երիտասարդները, որոնցից շատերը