Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հրավիրված օրիորդների եղբայրներն էին, քաղցրախոսում էր նրանց հետ, ժպտում էր և պես-պես հրապույրներով շահում բոլորի սրտերը:

Տիկին Բարբարեն անշարժ նստած խոսում էր քաթիպավորների հետ հին և նոր ադաթների վրա։ Իսկ Գրիգոլն ու Մայիլովը՝ մերթ այս, մերթ այն անկյունում կանգնած նայում էին. նրանք չէին համարձակվում խոսել օրիորդների հետ, մինչև նրանք չէին խոսացնում։

Խնջույքը գնալով կենդանանում էր, ոգևորվում էր, մինչև նա բոլորովին խռովեցավ խոսակցությունների խառնաձայնությամբ։

Ապա բաժանվեցան. աղջիկները կազմեցին փոքրիկ խմբեր։ Եթե որոշելու լինենք այդ խմբերը, նրանց տեսակները կլինին այսպես.— մի կողմում հավաքված էին աղջիկները իրանց թասակրավիներով, դրանց շատ անգամ երկչոտությամբ մերձենում էին կարավորներ, և նրանց մեջ լսելի էր լինում վրացերեն քաղաքավարական բառեր — գենացվալե, գեթաղվանե, շենի ճիրիմե, թքվենմա սիցոցխլեմ, դիախ և այլն․ մի կողմում էլ մոդնի աղջիկները, ըստ մեծի մասին ռուսերեն լեզվով, և երբեմն վրացերեն խառնելով, խոսում էին, թե ի՛նչ նոր կտորներ են եկած, կամ այսինչ ու այնինչ խանութում ինչ նոր բաներ են վաճառում։ Նրանց խոսակցության մեջ խառնվում էին և ֆրանտները՝ այս կողմից, այն կողմից խոսք ու կատակ կցելով։

Իսկ տիկին Բարբարեի շուրջը բոլորել էին քաթիպավորները և մի քանի կարավորներ, դարձյալ վրացերեն երբեմն հատուկտոր Հայերեն խառնելով, դուրս էին տալիս քաղաքի նորությունների կամ հացի և այլ ուտելիքների էժանության կամ թանկության մասին։ Իսկ երբեմն այդ խմբերը դիմում էին միմյանց, և խոսակցությունը լինում էր ընդհանուր։ Բայց օրիորդ Սոֆին հանգիստ չէր մի տեղում, նա անդադար դառնում էր մի խմբից դեպի մյուսը։ Նա նշմարեց Մայիլովին և տեսավ, որ նա բոլորովին ուրախ չէ. մոտեցավ նրան.

— Ի՞նչ է, Նիկոլ, դու ինչու՞ ես այդպես տխուր, — հարցրեց նա։

— Ես տխուր չեմ,— պատասխանեց Մայիլովը։

— Ո՛չ, դու այստեղ մենակ ձանձրանում ես։ Գրիգոլը չէ զբաղեցնում քեզ, գնանք այնտեղ աղջիկների մոտ։

Եվ օրիորդ Սոֆին բռնեց նրա ձեռքից, բերավ մոդնի աղջիկների մոտ, որոնք, իրանց ուսումն ավարտելով զանազան իգական վարժարաններում, իբրև ներկայացուցիչներ էին ուսյալ և կրթյալ օրիորդների, դրանք պիտի լինեին մայրերը նոր սերունդի։