Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հյուրասիրության հառաջաբանն սկսվեցավ թեյով, որ մատուցին պիրոժնիով և ոմանց լիմոնով։ Սպասավորները մաքուր հագնված՝ անդադար տանում ու բերում էին գավաթները։

Նույն միջոցին համարյա բոլորն էլ նստոտել էին զանազան տեղերում և խոսում էին։

Բայց ի՞նչ էին խոսում։

Եթե չի ձանձրանա մեր պատվելի ընթերցողը, մենք նրան մի բանի րոպե կմոտեցնենք կրթյալ օրիորդների խմբին, և նա կլսե մեր ապագա մայրերի զրույցները, որ թեյի քաղցր հեղուկը խմելով կցել էին նրանք։

Թեև ազգային բարբառով չէր նրանց խոսակցությունը, բայց մենք դնում ենք նրանց հայերեն թարգմանությունը։

— Այնպիսի մի կիսակոշիկներ է ստացել մադամ Տոլլեն, որ հրաշալի՜,— ասաց մի շիկամազ օրիորդ, գունատվելով, կուչ գալով խմելու միջոցին, որ կարծես թե մի սքանչելի իրողություն էր պատմում։

— Ջանջուղազովի։ մագազինում նույնպես լավերն են ծախում. ես իմս տասը մանեթով առա, շատ հիանալի բաներ են, առավելապես կրունկները. ճռճռոցը խոմ պատմել չի կարելի,— ասաց մի այլ օրիորդ սև գիսակով, թուխ դեմքով և, միևնույն ժամանակ վեր քաշելով յուր զգեստի փեշերը, ցույց տվավ յուր փոքրիկ ոտքը։

— Իմը ես առել եմ ութ մանեթով. իմ կարծիքով քոնից լավն է,— նրա խոսքը կտրեց առաջին շիկամազը։

— Նայեցեք՝ ինչպես են ճռճռում։

Եվ նա վեր կացավ, մի պտույտ արավ և դարձյալ նստեց։ Եվ արդարև, նրա կիսակոշիկները ոչ թե ճռճռում, այլ կարելի է ասել՝ որոտում էին։

Լսողները վճռեցին, թե շիկամազի կիսակոշիկները ավելի լավ են, քան թե թխամազինը։

— Ջանջուղազովի մագազինում թեև կիսակոշիկները ավելի գովելի չեն, բայց լավ ձեռնոցներ են ծախում,— մեջ մտավ մի այլ օրիորդ՝ մեծ-մեծ, վառվռուն աչքերով և նիհար դեմքով և կամեցավ ցույց տալ յուր ձեռնոցները, որ գնել էր այնտեղից։

— Է՞հ, այդ հայերը հենց խաբում են,— նրա խոսքը կտրեց մի այլ օրիորդ, կարծես թե ինքը հայ չլիներ։— Դուք քանիսո՞վ առաք ձեր ձեռնոցները, Մակա', — հարցրեց նա վառվռուն աչքերով օրիորդից:

— Մանեթ ու կեսով,— պատասխանեց Մական: