Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ ոչինչ նպատակի չի հասցնի,— պատասխանեց խոհեմ բազմափորձ հայրապետը,— մենք կմեռնենք, բայց Ստեփանիկին դարձյալ կտանեն․․․

— Գոնե մեռնելուց հետո մենք չենք տեսնի մեր քրոջ անպատվությունը և հանգիստ կլինենք մեր գերեզմանում․․․— մեջ մտավ եղբայրներից մեկը, Ապոն։

Բայց մյուս կողմից հայտնվեցան հակառակորդներ։

— Մենք պիտի մեռնենք, այն էլ մի աղջկա համար, ու մեր երեխաներին անտեր պիտի թողնենք, դա ի՞նչ խելք է,— խոսեց եղբայրներից մեկը, որին կոչում էին Օհան․․․— Ես իմ ձեռները լվանում եմ այդ գործից․ մեկ քույր ունենք, թող չլինի, դա մեծ ցավ չէ․ ի՞նչու մենք մեր գլուխը պետք է մահի տանք նրա համար։

Եղբայրներից մի ուրիշը, որին կանչում էինք Հակո, ավելի շահավոր և ավելի գործնական կետից նայելով Ստեփանիկի վիճակի վրա, սկսեց պաշտպանել Օհանի կարծիքը, ասելով․

— Ես դրա մեջ ոչինչ անբախտություն չեմ տեսնում, մի կողմից շատ լավ է, երբ մենք Ֆաթթահ-բեկի նման փեսա կունենանք, այն ժամանակ բոլոր հայերը մեզանից կվախենան։ Օրինակ ձեզ,— ավելացրեց նա,— մեր դրացի Մկոն, նա ի՞նչ մարդ է, տանը ուտելու հաց չունի, բայց որովհետև նրա աղջիկը մի քրդի կին է, դրա համար մենք ամենքս Մկոյից վախենում ենք, հետը խոսել չենք կարողանում, հենց որ մի բան ասենք, Մկոն կսովորեցնե քուրդ փեսային և քուրդը մի գիշեր կգա մեզ մեր տանը մեջ կմորթե։ Լավ չէ՞ մի այդպիսի փեսա ունենալ։

Այդ խոսքերը գրգռեցին Ապոյի բարկությունը, որ առաջարկում էր ընդդիմանալ, և մինչև անգամ մահ հանձն առնել, և պաշտպանել իրանց քրոջ պատիվը։ Նա ասաց․

— Հիսուս Քրիստոսը վկա, խելքդ կորցրել ես, Հակո, այդ ինչե՞ր ես խոսում, գիժն էլ այդպես չի խոսի։ Մենք պետք է մեր լույս հավատը կորցնենք, մեր քույրը անօրեն և անհավատ քրդի ձեռքը պետք է տանք, նրա համա՞ր միայն, որ հայերը մեզանից կվախենան և մեզ կպատվեն… Թո′ղ չլինի այսպիսի պատիվը։ Բայց գիտե՞ս, որ երեսից կարելի է պատվեն, բայց սրտում ամեն մարդ կանիծե մեզ։ Ով՛ է սիրում Մկոյին, որ աղջիկը քրդի տվավ։ Այդ ուրիշ բան է, որ նրանից վախենում են, շնից էլ գայլից էլ վախենում են…

Եղբայրներից մեկը, որ բոլոր ժամանակը լուռ էր, իր հատուկ կրոնական փիլիսոփայությամբ, սկսեց հակառակել Ապոյին առաջ