Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԺԴ

Թոմաս Էֆենդին դեռ մի քանի օր մնալու էր ծերունի Խաչոյի տանը. նա իր գործերը Օ... գյուղում բոլորովին չէր վերջացրել։

Ծերունի Խաչոյի տանը ամեն տարի մի քանի անգամ հայտնվում էր մի ուրիշ հյուր ևս. դա մի երիտասարդ էր Արարատա գավառից, որ գնում էր Խաչոյից ոչխարներ, եզներ, բուրդ, պանիր յուղ և տանում էր Ալեքսանդրոպոլի կամ Երևանի կողմերում ծախելու։ Իսկ փոխարենը նա բերում էր այնպիսի վաճառքներ, որ այս կողմերում չկային, օրինակ, հագուստի համար զանազան տեսակ գործվածներ, չիթ։ կտավ, մահուդ, թեյ, շաքար, կոֆե և այլ զանազան մանրուքներ։ Քաղաքներից հեռու գտնված գյուղերի համար, որպես էր Օ... գյուղը, մեծ կարևորություն ունեն այս տեսակ մանր վաճառականները։ Նրանք տալիս են գյուղացուն այն, ինչ որ պետք է նրա համար, և փոխարենը առնում են այն, ինչ որ գյուղացին ինքը հեռու տեղեր տանելու և վաճառելու համար շատ արգելքներ ունի, մանավանդ մի այնպիսի երկրում, ուր քարավանի բանուկ ճանապարհներ չկային, և ավազակների երկյուղից հարաբերությունները համարյա կտրված էին։

Ամեն անգամ, երբ հայտնվում էր այդ երիտասարդը, մեծ ուրախություն էր պատճառում ծերունի Խաչոյի տանը։ Նա այն աստիճան ընտանեցած էր, որ բոլորը վարվում էին նրա հետ, որպես իրանց գերդաստանի անդամներից մեկի հետ։ Մտնելով О..․ գյուղը, նա իր փոքրիկ քարավանը, որ բաղկացած էր մի քանի բեռնակիր գրաստներից, ուղիղ քշում էր դեպի ծերունու տունը, բեռները ցած էր բերում և այնտեղ շաբաթներով մնում էր, մինչև իր առևտուրը վերջացնելով կրկին ճանապարհ էր ընկնում։

Թոմաս էֆենդու գալուց մի օր հետո հայտնվեցավ երիտասարդը, նա հանդիպեց կապալառուին Խաչոյի տան դռանը, երբ իր բեռները ցած էր բերում ձիաներից։

— Ա՜, դու այստեղ ե՞ս,— ասաց երիտասարդը մոտենալով Էֆենդուն, և անդադար երեսը խաչակնքելով։ — Ախ, սատանայի երես տեսա, էլ այս անգամ իմ գործը չի հաջողվի.․․ հանուն հոր և որդվո...

էֆենդին խիստ ախորժակով ծիծաղելով․ բռնեց երիտասարդի ձեռքը, և ուղիղ նրա երեսին նայելով ասաց.

— Խե՜նթ ես, խե՜նթ, ես հազար անգամ ասել եմ, որ դու խենթ ես։ Լավ, դու այն ասա՛, ռոմ բերե՞լ ես ինձ համար։