Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օտարական հյուրերը, որոնց վարմունքը, որոնց «խենթությունները» նրանց հաճելի չէին թվում։ Ինքը ծերունի Խաչոն այժմ զբաղված էր գյուղային գործերով, որ օրըստօրե ավելի ծանրանում էին և նրան շատ հոգսեր էին պատճառում։ Այս պատճառով տանուտերի օդան համարյա կորցրել էր իր կենդանությունը և նրա մեջ մեծ մասամբ դադարել էին գիշերային խոսակցությունները, վիճաբանությունները և անսովոր դատողությունները, որ լինում էին առաջ։

Միայն անփոփոխ մնացել էր կանանոցի կյանքը։ Նա իր միակերպությունը պահպանել էր դարերով ու նույնպես շարունակվում էր։ Հայ ընտանիքի այդ կտրված, առանձնացած և տղամարդի հասարակությունից անջատված բաժինը ոչինչ մասնակցություն չունի, թե ինչ են խոսում, ինչ բանի վրա են մտածում տղամարդիկը։ Իրանց տնտեսությունից, իրանց տնային հոգսերից դուրս, ոչ մի օտար միտք չէ զբաղեցնում նրանց։ Եվ այս պատճառով օդայի մեջ եղած խորհուրդների մասին նրանք ոչինչ չգիտեին։ Տանուտերի օդան, այդ գյուղական կլուբը, դեռ մատչելի չէր կանանց հասարակությանը։

— Դրանց կանանոցի չորս պատերի մեջ թողնված այդ ուժերին պետք է քաշել գործի մեջ, այն ժամանակ, անտարակույս, հաջողությունը մեր կողմը կլինի… — ասում էր շատ անգամ պարոն Սալմանը։

— Դեռ վաղ է, — պատասխանում էր նրան Վարդանը, — պետք է նախ և առաջ պատրաստել նրանց։

— Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության։ Եթե մեր ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ։ Այդ ուժը, այդ կենսատու զորությունը, կանանոցի չորս պատերի մեջ ոչնչանալով, ապարդյուն է դառնում մեզ մոտ։ Եթե պետք էր սկսել մեր ժողովրդի կրթության գործը, սկիզբը դնելու է անպատճառ կանանց կրթությունից։ Ես այս անգամ պտտեցա ամբողջ Հայաստանում և ամեն տեղ ուշի-ուշով ուսումնասիրում էի հայ կնոջը։ Իմ ստացած տեղեկությունները խիստ մխիթարական հետևանքի են հասցնում։ Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, որքան նա կորցրել է իր հայկական ինքնուրույնությունը, այնքան կինը պահպանվել է մաքուր, պահպանվել է իր բարք ու վարքի բարոյական անարատության մեջ։ Չկա չարիք առանց բարիքի։ Կանանոցի չորս պատերի մեջ փակված կինը, թեև