Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նեղ և դժվարին ճանապարհներով, որ ընտրել էր իր համար:

Բավական հեռանալով իր հայրենական գյուղից, մի լեռնադաշտի վրա նրա ուշադրությունը գրավեց մի մթին կետ, որ ազատ կերպով նշմարվում էր նոր բարձրացող արեգակի ճառագայթների միջով: Նա շատ հեռու էր: Որքան մոտենում էր երիտասարդը, այնքան հիշյալ առարկան աճում և ավելի մեծ ծավալ էր ստանում: Կարծես նա կախ էր ընկած օդի մեջ և բավական բարձր էր երկրի մակերևույթից: Նա ծռեց իր ուղին դեպի այն կողմը: Երբ փոքր ինչ ևս մոտեցավ, նրանց թիվը բազմացավ, որոնք այժմ նման էին այն խրտվիլակներին, որ ցցում են երկայն ձողերի գլխին և տնկում են հասունացած արտերի կամ սեխանոցների մոտ, որ թռչունները, խոզերը և արջերը չփչացնեն նրանց:

Բայց հիշյալ խրտվիլակներից ո՛չ թռչունները և ո՛չ գազանները չէին վախենում։ Նա տեսնում էր, թե որպես գիշակեր ագռավները, անգղները և մինչև անգամ երկչոտ կաչաղակը ուրախ-ուրախ թռիչքներ էին գործում, ճախրում էին, պտույտներ էին անում, իջնում էին նրանց վրա և կրկին բարձրանում էին օդի մեջ: Այնտեղ և շնագայլն ու բորենին ուրախական ձայներ էին հանում: Երևում էր, որ այդ անասունները բոլորել էին մի ճոխ սեղանի շուրջը:

Տեսարանը պարզվեցավ, երբ նա բոլորովին մոտ գնաց. երկայն ձողերի գլխին շամփրած մարմինները մարդկային դիակներ էին, որոնց կենդանի բարձրացրել էր այնտեղ բարբարոս ձեռքը, իսկ այժմ մեռած էին։ Նրանք թվով երեք էին, որոնց մի կողմ թեքված գլուխներից սարսափած ճանապարհորդը ճանաչեց երկու քահանայի և մի վարդապետի երեսները։ Եղեռնագործության ամենասոսկալի օրինակն է այդ, որ ստեղծել է մահմեդականի անգթության հանճարը,— կենդանի մարդիկ ղազուխի զարկելու... Ձողերի շուրջը ածած էին կոտորած դիակներ, որոնք գազանների գիշատելուց ավելի այլանդակվելով սարսափ էին ձգում նայողի վրա:

Հանկարծ երիտասարդը լսեց մի խուլ մրմունջ, որ նման էր այն դառն հառաչանքին, որ արձակում է մարդ մահվան տագնապի մեջ տանջված րոպեներում: Նա շտապեց դեպի ձայնը: Գետնի վրա նշմարվում էին արյան կաթիլների հետքեր, որոնք հազիվ տեսանելի շավիղի նման տանում էին դեպի այն կողմը: Տասը քայլ հազիվ փոխել էր նա, հանկարծ ծնկները թուլացան, գետնին փռվեցավ և գրկեց մի ալեզարդ ծերուհի: Մի քանի րոպե մեռնողը և կենդանին մնացին անմռունչ: