Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փրկությունը միայն էֆենդիով կլինի և Լալան պետք է զոհվի այդ փրկության համար։ Որովհետև էֆենդին գիտեր, որ ծերունին հեշտությամբ չի հոժարվի աղջիկը իրան կնության տալ, մանավանդ այն խոսքերից հետո, որ նա լսեց Վարդանից, թե էֆենդին զանազան երկրներում կնիկներ է թողել, և ինքը անկարող եղավ հերքելու այդ ճշմարտությունը։

Բայց էֆենդին նկատելով, որ ինքը չափը անցավ, պետք չէր այս աստիճան հուսահատեցնել ծերունուն, սկսեց նրան մխիթարել ասելով.

— Ձեզ մի քանի օր բանտարկված կպահեն, իրավ է, բայց այդ միայն ձևի համար կլինի։ Թոմաս էֆենդին գործը այնպես է սարքել, որ ձեզ վնաս չի հասնի։

Ծերունին ոչինչ չպատասխանեց։ Նա տեսնում էր մեծ զանազանություն էֆենդու առավոտյան և այժմյան խոսակցության մեջ։ Նրա սրտում ծագեց մի մթին կասկած...

ԻԹ

Վարդանը, Հայրապետը և Ապոն, առավոտյան տնից դուրս գալուց հետո, ամենևին տեղեկություն չունեին, թե իրանց բացակայության ժամանակ ինչ էր պատահել այնտեղ։ Նրանք դեռ չգիտեին ո՛չ Թոմաս էֆենդու կատարած սատանայական կարգադրությունները, ո՛չ հիսնապետի խուզարկությունները և ո՛չ էլ զինվորների արած անկարգությունները։

Նրանք անցան մի քանի գյուղեր, որոնում էին պարոն Սալմանին, ամեն տեղ հարցուփորձ էին անում նրա մասին, և, վերջապես, մտան այն գյուղը, գտան այն տունը, ուր նա անց էր կացրել վերջին գիշերը։ Տան տերը բարի մարդ էր երևում, նա պատմեց, որ ինքը չգիտե, թե ինչ է պատահել խեղճ երիտասարդի հետ, միայն մինչև կես գիշեր, նա նստած գյուղի «ջահիլների» հետ, ինչ որ բաների վրա խոսում էր։ Երբ «ջահիլները» հեռացան, նա մնաց մենակ, նրան հաց տվեցին, անկողին տվեցին, նա պառկեց օդայի մեջ։ Վաղ առավոտյան տեսան, որ երիտասարդը այնտեղ չկար, ու՞ր էր գնացել, չգիտեն։

Վարդանը իր ընկերների հետ մտան այն սենյակը, ուր գիշերել էր երիտասարդը։ Այնտեղ գտան, հատակի վրա ձգած մի թղթի