Իրերի այսպիսի խճճված և խառնաշփոթ դրությունր ձգել էր թե Վարդանին և թե՛ Հայրապետին նույնպիսի խառն մտածությունների մեջ։ Թե՛ Լալան և թե՛ կալանավորված երիտասարդը շուտափույթ օգնություն էին պահանջում։ Բայց դեպի ո՞րը պետք էր դիմել առաջ,— այդ հարցը դժվարացնում էր նրանց։
Բայց ի՞նչ էր մտածում այն րոպեում Ապոն, այդ շինական ընտանիքի չփչացած և քաջասիրտ որդին։— Նա իսկապես ոչինչ չէր մտածում։ Նա այն տեսակ մարդերից էր, որին դեպի որ կողմը քաշելու լինեին, այն կողմը կգնար, այն պայմանով միայն, որ դեպի վատ կողմը գնալու հակամտություն չուներ։ Ապոն մի լավ և հաջողակ գործիք էր կրակի միջից բաներ դուրս հանելու համար. գործածությունը կախված էր տիրոջ հմտությունից։ Վարդանի խոստովանությամբ փոքր ինչ պարզվեցավ գործը: Վարդանը, առանց մի կետ թաքցնելու, հայտնեց երկու եղբայրներին իր սերը դեպի նրանց քույրը։ Հայտնեց, թե ինքը խոսք է տվել Լալային, որ կփախցնե նրան և ստացել է աղջկա հոժարությունը։ Ասաց, թե ինքը մի այդպիսի օտարոտի դիտավորությունը ստիպված է կատարել նրա համար միայն, որ հույս չունի, թե Լալայի հայրը կհամաձայնվեր աղջիկը իրան կնության տալու, որովհետև նա նկատել է և համոզված է, որ ծերունի Խաչոն աչք ունի Թոմաս էֆենդու վրա, և մտածում է նրան փեսայացնել։
— Այդ մարդու մասին ավելորդ է խոսել,— շարունակեց նա,— որովհետև դուք երկուսդ էլ նրան բավական ճանաչում եք, և ճանաչեցիք առավելապես այսօր։ Թոմաս էֆենդուն աղջիկ տալը միևնույն է, որպես գցել նրան գայլի կամ շան բերանը։
— Բայց ինձ տանջում է մեկ միտք,— հառաջ տարավ նա,— ես, որպես ձեզ հայտնեցի, պետք է գնամ պարոն Սալմանի ետևից, այդ ձեռնարկությունից ետ կանգնել ամենևին չեմ կարող։ Ցավակցությունը դեպի մի այնպիսի բարեկամը և ընկերը ծանր պարտք է դնում ինձ վրա։ Բացի դրանից, ես ինձ մասամբ պատճառ եմ համարում, որ նա ընկավ այդ փորձանքի մեջ. ես նրան խրախուսեցի, ես նրան հորդորեցի, ես ավելի վառեցի այն կրակը, որ բորբոքված էր նրա սրտի մեջ։ Դրանցով ես շտապեցրի Նրա անկումը, ուրեմն պետք է աշխատեմ ազատել նրան։
— Մյուս կողմից,— հառաջ տարավ նա,— իմ առջև դրված է մի ահագին արգելք, չգիտեմ, թե ի՞նչ պետք է անել, արդյոք կարող եմ թողնել Լալային։ Գուցե այսօր կամ էգուց էֆենդին բանը