մոտ, ողորմելի կինը խորին տխրությամբ նայում էր հիվանդի երեսին, շոշափում էր նրա ջերմ թաթիկները և լսում էր նրա ծանր շնչառությունը։ Այդ զավակի մեջ նա գտնում էր պատկերը այն տղամարդի, որին սիրում էր. այդ զավակի մեջ գտնում էր դժբախտ մայրը իր մխիթարությունը կորցրած ամուսնի մահից հետո։ Նա համարյա չէր լսում, և ուշադրություն ևս չէր դարձնում, թե ինչ է խոսվում տան մեջ. այլ միանգամայն գութ և գորով դարձած, աչքի առջև իր հիվանդ մանուկին էր միայն տեսնում։
Բայց տերտերը, ուրախացած էֆենդու խոստմունքներով, կամեցավ իրանց ուրախությունը ավելի կատարյալ անել և հրամայեց հարսին լցնել արաղի շիշը, որ արդեն դատարկված էր, բացի դրանից մազա[1] պատրաստել։ Թեև ընթրիքը վերջացած էր, բայց տեղային սովորության համեմատ, հարգելի հյուրին մի առանձին պատիվ տրված կլիներ, եթե խմելը կշարունակվեր։
Հարսը այն աստիճան շփոթված էր, որ քահանան երկու անգամ կրկնեց իր հրամանը, մինչև նա կարողացավ հասկանալ, թե ինչ էր ուզում տերտերը։ Արաղ կարելի էր գտնել. նա շիշը լցրեց, այդ պաշարը միշտ անպակաս էր լինում տեր հոր տնից։ Բայց ինչո՞վ պատրաստել «մազան»։ Տանը քաղցրեղեն չկար։ Հայտնել այդ մասին՝ մինչև անգամ ամոթ էր։ Հայ մարդու տանը հյուրի համար ամեն բան պետք է գտնվի։ Նա մտածեց գնալ և հարևանից փոխ առնել։
Դրսում սաստիկ մութն էր և անձրևը հեղեղի նման թափվում էր երկնքից։ Խեղճ կինը դուրս եկավ բակը, անցավ ցեխի միջից, բարձրացավ կտուրի վրա, որ այնտեղից իջնե հարևանի տուն։ Այդ միջոցում նա լսեց, որ հարևանի դուռը սաստիկ ծեծում էին, և դրսից թուրքերեն լեզվով սպառնալիքներ էին կարդում, հրամայելով, որ բաց անեն, իսկ ներսից երդումներով պատասխանում էին, թե այստեղ չեն պահված նրանք, որոնց փնտրում եք, ո՞ւմն էին փնտրում. ի՞նչ թուրքեր էին դրանք, որ գիշերային այդ տարաժամ պահուն աշխատում էին ներս խուժել մի հայ տուն։
Զուլոն-այսպես էր տերտերի հարսի անունը— լսելով փողոցի աղմուկը, սաստիկ վախեցավ, և երկյուղից ուշ կարողացավ հարևանի տունը գնալ և ոչ իրենց տունը վերադառնալ, այլ շվարած և անշարժ մնաց կտուրի վրա։ Նույն րոպեում նրա ականջին
- ↑ Մազա նշանակում է դեսսերտ, պատրաստված չոր մրգեղեններից։