Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեռան ժայռերի բեկորներից բերեց մի քանի կտորներ և դրեց գերեզմանի վրա, ասելով.- Հանգստացի՛ր, ով բարի մարդ, և թող այս գերեզմանը մոտ չինի այդ զոհարանին, ուր մորթվեցան մեր հայրենիքի երևելիները։ Այս սպանդանոցը կլինի մի հավիտենական խրատ ապագա սերնդին, որոնց հիշել կտա իրանց թշվառ անցյալը... որոնց մտածել կտա հիմնել ներկան ավելի հաստատուն պայմանների վրա․․․ և այն ժամանակ գուցե պապերի արյունը որդիների փրկության ճանապարհը կբացանե..․։

Ե

Ամփոփելով հոր մարմինը իր անշուք գերեզմանի մեջ, երիտասարդը կրկին շարունակեց իր ճանապարհը։ Նա այժմ գնում էր բոլորովին խելագարի նման, ընկած դառը մտածությունների մեջ։ Կորցնելով հայր, մայր, եղբայր և քույրեր, նա այժմ սարսափելի կասկածի մեջ էր՝ կորցնել և նրան, որին սիրում էր։ Այս պատճառով շտապում էր նա։ Բայց դեռ բավական ճանապարհ կար, մինչև կհասներ այն գյուղը, ուր բնակվում էր նա։

Նա գնում էր այնպիսի անանցանելի շավիղներով, որոնց շրջակայքում ժայռերի, մացառների և թփերի մեջ մի ամբողջ բանակ կարող էր թաքչիլ և ուղևորի աչքից անհայտ մնար։ Եվ այս պատճառով մեծ եղավ նրա զարմանքը, երբ մի քանի անգամ նրա ականջներին զարկեցին անորոշ ձայներ, հետո պարզ լսելի եղավ իր անունը՝ «Սարհատ, Սարհատ»։ Ո՞վ կարող էր լինել դա։ Նույն շրջակայքում հազիվ թե մի մարդ կարող էր ճանաչել նրան, թեև նա ուներ ընկերներ, բայց նրանց մի քանի օր առաջ զանազան հանձնարարություններով ուղարկել էր դեպի զանազան կողմեր։ Մտածեց, գուցե նրանցից մեկը լինի և մատը բերանին դնելով, խորհրդական ձայնով շվացրուց։ Նրան պատասխանեցին բավական մոտավոր տեղից, բայց ձայնը շատ օտարոտի երևաց։ «Նրանցից և ոչ մեկը լինել չէ կարող»,— մտածեց ինքնիրան, և հրացանը ուսից վեր բերելով, կանգնեց, իր շուրջը նայելով։ Նույն միջոցին «Սարհատ» անունը կրկին զարկեց նրա ականջներին, երկու թևքեր փաթաթվեցին նրա վզովը, և մի մարդ սկսեց ջերմ համբույրներ սփռել նրա երեսի վրա։

— Երևի իմ տերը չէ ճանաչում իր ծառային,- ասաց նա քրդերեն լեզվով։