որ կապած ունեի ձիու թամբին։ Դա նրա զենքերից մեկն էր և ծայրին կապված էր կապարյա մի ձվաչափ գնդակ։ Նա գնդակը վեր նետեց և պարանի ծայրը ամուր կերպով փաթաթվեցավ մի ծառի կոճղից, որ հեռու չէր անձնասպանի ընկած տեղից։ Բռնելով պարանի մյուս ծայրից, նա սկսեց սարդի արագությամբ վեր բարձրանալ, և մի քանի վայրկյանի մեջ գտնվում էր անշնչացած դիակի մոտ։ Նա գրկեց դիակը, և որքա՜ն մեծ եղավ նրա զարհուրանքը, երբ նկատեց, որ իր գրկում գտնվում էր Թոմաս էֆենդին։ Մի րոպեում բարկությունը, զզվանքը, ատելությունը և վրեժխնդրության կատաղի զգացմունքը փոփոխակի կերպով պաշարեցին նրա սիրտը։ Նա պատրաստ էր այդ գարշելի մարմինը կրկին ցած գլորել ժայռի բարձրությունից անդունդի մեջ, որ մնացած ոսկորներն էլ ջախջախվեին, որ նա գազանների ու գիշակեր թռչունների կերակուր դառնար։ Բայց մի՞թե կարելի էր այսպես անգթությամբ վարվել անշնչացած մարմնի հետ.— այդ հեռու էր Վարդանի մեծահոգությունից։ Նա զգուշությամբ դիակը պարանով ցած թողեց և ինքն էլ նրա ետևից վայր իջավ։
Վարդանի առաջին հոգսը եղավ ստուգել՝ արդյոք նա մեռա՞ծ էր, թե տակավին կենդանի էր։ Ոսկորները մի քանի տեղ ջարդված էին, գլուխը և երեսը քարերին զարկելով, քերթվել, այլանդակվել և արյունով շաղախված էին, բայց շնչառությունը դադարած չէր, երևում էր, որ ուշագնացության մեջ է գտնվում։ Այդ չարագործը, որ այնքան վշտեր էր պատճառել Վարդանին, որ հազարավոր տների կործանման և մի ամբողջ գավառի ամայության պատճառ էր դարձել, իր այժմյան ողորմելի դրության մեջ շարժեց Վարդանի գութը։ Գուցե ավելի բարեբախտ վիճակի մեջ, եթե էֆենդին նրա ձեռքը ընկնելու լիներ, Վարդանը կսպաներ նրան, բայց այժմ նրա առջև դրված էր մի դիակ, որին պետք էր խղճալ, որը օգնության էր կարոտ։
Վարդանը շատ գործ էր ունեցել վիրավորների հետ. ինքը շատ անգամ վերք էր ստացել, և այդ մասին հարկավորելիք սպեղանիները նա միշտ իր հետ էր ման ածում։ Նրա առաջին հոգսը եղավ փաթաթել էֆենդու գլխի և երեսի վերքերը, և դադարեցնել արյան հոսումը։ Գիշերային խավարը պատել էր արդեն․ երկինքը ծածկված էր սև թուխպերով, սաստիկ քամին և որոտը գուշակում էին մոտալուտ մրրիկ։ Վարդանը մտածում էր այժմ մի օթևան գտներ։ Նա վեր առեց դիակը, կապեց ձիու վրա, բայց չգիտեր դեպի ո՞ր