Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կրպակի առջև և գլուխը ծռած, իր երկայն մահակը կուրծքին նեցուկ տված, անհամարձակ կերպով նայում էր դեպի խանութը, չիշխելով այնտեղ մտնել։ նա նույն ժամում նմանում էր մի մարդու, որ սպասում է իր դատապարտության վճռին։

Երկար սպասում էր նա, մինչև իր վրա ուշադրություն դարձնեին և ներս կանչեին։ Նրա մոտ, նույնպես անմռունչ և հանդարտ կերպով, կանգնել էր աղայի համար բերած զատկացու գառը, կարծես նա էլ տխուր էր, կարծես նա էլ մոռանալով իր սովորական կայտառությունը, շատ չէր զանազանվում իր տերից, որ նույն միջոցում գտնվում էր հոգեկան դառն տրամադրության մեջ։ Գառան մոտ նստած էր փոքրիկ Կալոն և բռնել էր նրա ոտից, որ չփախչե։ Նա միայն ուրախ էր, նա միայն անհոգ էր և հետաքրքիր աչքերով նայում էր իր շուրջը, ուր ամեն մի առարկա նրան զարմանք և հիացում էր պատճառում։

— Ապեր, աղան պստիկ տղա ունի՞,— հարցրուց նա։

— Չունի,— պատասխանեց Ավետը անուշադիր կերպով։

— Բա՛ էդ գառան հետ ով պիտի խաղա։

Ավետը ոչինչ չպատասխանեց։

Նույն միջոցին մի ձայն զարկեց գյուղացու ականջներին:

— Հը՜մ, Ավետ ապեր, եկել ես։ Այս ձայնը արթնացրուց նրան, նա ետ նայեցավ և տեսավ իի մոտ մի պատանի, որը հարուստ կրպակի գործակատարներից մեկն էր։ Գյուղացին ետ-ետ քաշվեցավ և խոնարհ կերպով գլուխ տվեց։

— Երևի աղային տեսնելու ե՞ս եկե՛լ,— հարցրուց պատանին։

— Առանց տեսնելու ո՞նց կարամ գնալ,— պատասխանեց Ավետը։

— Դրանի՛ց, դրանի՛ց բերե՞լ ես,— հարցրուց պատանին, աջ ձեռքի ցուցամատը և բթամատը միմյանց հետ շոշափելով։ Ավետը հասկացավ, որ փողի մասին էր հարցը, և դրական կերպով շարժեց գլուխը։ Պատանին մտավ կրպակը, և մի քանի րոպեից հետո Ավետին ներս կանչեցին մուտքի առջևը։ Երկու զոհեր միասին ապասում էին մի ճակատագրական վախճանի...

Աննկարագրելի ահուդողով Ավետը ներս մտավ և հեռվից խորին կերպով գլուխ տվեց մի կարճահասակ ալևոր մարդու, որ նստած էր գրասեղանի մոտ և քրքրում էր իր առջևը ածած թղթերի կույտը։

Նրա առաջին երկրպագությունը աննկատելի մնաց, որովհետև